Սիրիայում անվտանգությունը՝ քիմիական զենքի փորձագետների մտահոգության առարկա

Սիրիայում անվտանգության հետ կապված մտավախություններն այնուամենայնիվ մինչ օրս չեն ստիպել քիմիական զենքի փորձագետներին դադարեցնել իրենց աշխատանքը
Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման աշխատանքներն իրականացնող փորձագետները մտահոգություն են արտահայտել իրենց անվտանգության ապահովմամբ, երբ Դամասկոսում իրականացվել է պայթյուն այն հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում են փորձագետները:

Փորձագետները, բացի այդ, նշել են, որ իրենց հյուրանոցի ուղղությամբ ականանետային կրակ էր բացվել:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչ Մալիք Էլահին հինգշաբթի օրը տեղեկացրել է սակայն, որ Սիրիայում անվտանգության հետ կապված մտավախություններն այնուամենայնիվ մինչ օրս չեն ստիպել փորձագետներին դադարեցնել իրենց աշխատանքը:

Նրա համաձայն, փորձագետներն այցելել են Սիրիայի իշխանությունների կողմից որպես միջուկային ծրագրի մաս հայտարարագրված 11 վայր, որոնցից վեցում ոչնչացրել են քիմիական զենքի արտադրության համար օգտագործվող սարքավորումները:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները, ըստ ժամանակացույցի, պետք է մինչև նոյեմբերի 1-ն ավարտեն իրենց առաքելության այդ մասը, իսկ մինչև գալիք տարվա կեսը պետք է ոչնչացնեն Սիրիայի քիմիական զինանոցն ամբողջությամբ:

Այս ընթացքում Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլն ասել է, թե Սիրիայի շուրջ խաղաղության համաժողովը կանցկացվի նոյեմբերի 23-ից 24-ը:

Մոսկվայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Ջամիլը նշել է, թե «բանակցությունները շատ մոտ են մեկնարկելուն»: Նրա համաձայն, եթե Սիրիայի շուրջ խաղաղության համաժողովը չանցկացվի նոյեմբերին, ապա այն կկայանա դեկտեմբեր ամսին: