Մեծ Բրիտանիայում արգելվել է թալիբների հետ կապեր ունեցող մի կազմակերպություն

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թալիբների հետ կապեր ունեցող պակիստանյան կազմակերպություններից մեկը ահաբեկչական է որակել, ինչի հետևանքով այս կազմակերպությանը անդամակցությունն ու դրա օգտին գումարներ հայթայթելուն ուղղված գործունեությունը Մեծ Բրիտանիայում համարվելու է անօրինական:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն այս որոշումը ներկայացրել է երեքշաբթի օրը` նշելով, որ այն ահաբեկչության դեմ պայքարին միտված խիստ, սակայն անհրաժեշտ քայլ է:

Այս որոշման համաձայն, Մեծ Բրիտանիայում «Թեհրիք-է-Թալիբան» կազմակերպությանն անդամակցելը քրեական հանցագործություն է համարվելու:

«Թեհրիք-է-Թալիբան»-ը որպես ահաբեկչական կազմակերպություն որակավորելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից:

«Թեհրիք-է-Թալիբան» կազմակերպությունը գործում է Պակիստանից և սերտ կապեր ունի «ալ-Քաիդայի» հետ: Այս կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Պակիստանում իրականացված մի շարք հարձակումների համար և սպառնացել է ահաբեկչական հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ում և Եվրոպայում: