Մեծ Բրիտանիայի բժիշկները կոչ են արել արգելել ծխելը անձնական ավտոմեքենաներում

Մեծ Բրիտանիայի բժիշկները կոչ են արել արգելել ծխելը անձնական ավտոմեքենաներում

Բրիտանական բժշկական ասոցիացիան հորդորել է Մեծ Բրիտանիայի կառավարությանն արգելել ծխելն անձնական ավտոմեքենաներում՝ մարդկանց երկրորդական ծխի ազդեցությունից պաշտպանելու նպատակով:

Ասոցիացիան չորեքշաբթի օրը հորդորել է կառավարությանը «համարձակ և հստակ քայլ կատարել»՝ ուղղված անձնական ավտոմեքենաներում ծխելու արգելման:

Հետազոտությունների արդյունքների համաձայն, մեքենաների սահմանափակ տարածություններում վարորդի և ուղևորների վրա թունավոր նյութերի ազդեցությունը 23 անգամ ավելի ուժեղ է, քան ծխով լի սրճարանում: Հետազոտության համաձայն, երեխաները և տարեց մարդիկ ավելի խոցելի են, և նրանց վրա ծուխն ավելի մեծ ազդեցություն է ունենում: Բացի դրանից, ծխախոտն օգտագործելուց հետո ծուխը դեռևս երկար ժամանակ կարող է մնալ մեքենայում:

Մեծ Բրիտանիայում ծխելն արդեն իսկ արգելվել է հասարակական տրանսպորտում, ինչպես նաև հասարակական վայրերում՝ ռեստորաններում և փաբերում, սակայն երկրի կառավարությունը խուսափել է մասնավոր տարածքների նկատմամբ նման արգելք սահմանելուց:

Որոշ պետություններ, ներառյալ Ավստրալիան, Կանադան, ինչպես նաև Միացյալ Նահանգների որոշ նահանգներ, արդեն իսկ արգելել են երեխաների ներկայությամբ մեքենաներում ծխելը, սակայն անձնական ավտոմեքենաներում ծխելը դեռ ոչ մի երկրում արգելված չի եղել: