Թեհրանում պայթյունի արդյունքում զոհվել է համալսարանի մի պրոֆեսոր, որը նույնպես աշխատել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Պրոֆեսոր Մուսթաֆա Ահմադի Ռոշանը զոհվել է իր մեքենայի տակ տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում:
Թեհրանի հյուսիսային մասում երեքշաբթի օրը որոտացած պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև երկու մարդ:
Մուսթաֆա Ահմադի Ռոշանը ղեկավարել է Նատանզ քաղաքում գործող միջուկային գործարանի բաժիններից մեկը:
Վերջին մի քանի տարվա ընթացքում Իրանի միջուկային ոլորտի մի քանի գիտնական հարձակումների զոհ են դարձել: Նման վերջին հարձակման ընթացքում, որն իրականացվել է 2010 թվականին, ռումբը նույնպես տեղադրվել է զոհի մեքենայի տակ:
Իրանի պաշտոնատար անձինք այս հարձակումների իրականացման համար մեղադրել են ԱՄՆ-ի ԿՀՎ-ն և Իսրայելի հետախուզական «Մոսսադ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները երեքշաբթի օրը հաստատել են, որ «Ֆորդո» անվանումը կրող ստորգետնյա համալիրում մեկնարկել են ուրանի հարստացման աշխատանքները:
«Ֆորդո» ստորգետնյա համալիրը կառուցվել է լեռներից մեկի տակ, ինչն այս համալիրին ապահովում է առավել լավ պաշտպանվածություն Իրանի միջուկային ծրագրի իրականացման դեմ հանդես եկող պետությունների օդային հնարավոր հարվածներից:
Իրանի իշխանությունները նախկինում հայտնել են, որ պատրաստվում են «Ֆորդո» համալիր տեղափոխել ուրանի հարստացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը Նաթանզ քաղաքում գտնվող հարստացման վերգետնյա համալիրից:
«Ֆորդո» համալիրում ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու ունակությունը հնարավորություն է ընձեռում Իրանին կրճատել ժամանակը, որը հարկավոր է՝ նյութը մինչև միջուկային զենքում օգտագործման համար պիտանելի 90 տոկոս հարստացնելու համար:
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն բացառել Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը: Այս պետություններն ունեն կասկածներ, որ այս ծրագիրը միջուկային սպառազինության արտադրության նպատակ է հետապնդում, իսկ Իսրայելի կարծիքով, միջուկային զենք ունեցող Իրանը սպառնում է հրեական պետության գոյությանը: