Հրապարակվել է բին Լադենի նամակագրությունը

ԱՄՆ-ի բանակի Վեյթ Փոյթնի ռազմական ակադեմիայի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի կայքում հրապարակվել է «ալ-Քայիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենի նամակագրության վերաբերյալ զեկույցը:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի գծով օգնական Ջոն Բրենանի փոխանցմամբ, նամակագրությունը հայտնաբերվել է Պակիստանի Աբոթաբադ քաղաքում գտնվող բին Լադենի տանը՝ ԱՄՆ-ի հատուկ ուժերի կողմից վերջինիս ոչնչացման գործողության իրականացման ընթացքում:

Բրենանի համաձայն, այս աղբյուրներից միջազգային հանրությունը կարող է տեղեկանալ բին Լադենի վերջին մտքերի մասին, ինչպես նաև համոզվել, որ «ալ-Քայիդա»-ի առաջնորդի ոչնչացնելուց հետո Միացյալ Նահանգներում կյանքն առավել ապահով է դարձել:

Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ բին Լադենը մեծ հեղինակություն էր վայելում ահաբեկչական ցանցի այլ ղեկավարների շրջանում, սակայն իր հրամանները հաճախ անտեսվում էին:

Ջոն Բրենանը հաղորդել է նաև, որ բին Լադենը նամակագրության մեջ անհանգստություն էր հայտում «ալ-Քայիդա»-ի հրամանատարների արագ ոչնչացման հանգամանքով, ինչն անհնարին էր դարձնում իր ստեղծած կազմակերպության հետագա գոյատևումը:

Զեկույցի համահեղինակ Սթյուարտ Քոդիլի համաձայն, նամակագրությունը չի պարունակում «ալ-Քայիդա»-ի ու Իրանի միջև դաշինքի առկայության մասին վկայություններ: Փաստաթղթերը սակայն վկայում են այն մասին, որ երկու կողմերի միջև հարաբերությունները հաճախ թշնամանքի են վերածվել՝ Իրանի կողմից «ալ-Քայիդա»-ի գործակալների և բին Լադենի ընտանիքի որոշ անդամների ձերբակալությունների պատճառով: