Ադրբեջանի մայրաքաղաքում կիրակի օրը ոստիկանությունը կրկին բռնություններ է իրականացրել՝ ձերբակալելով երկրի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական վարչակարգի դեմ բողոքի ցույց անցկացնելու փորձ կատարած ընդդիմադիրներին։
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Ալիևի հրաժարականը ներկայացնելու և բռնապետությանը վերջ տալու պահանջներով թռուցիկների տարածման համար ձերբակալվել է մեկ տասնյակից ավելի մարդ։
Ընդդիմության գործիչների համաձայն սակայն, Բաքվում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, որոնց թվում` շվեդ երկու լրագրող։
Ադրբեջանի ոստիկանությունն անցյալ մի քանի ամսվա ընթացքում ցրել է Բաքվում անցկացված փոքր ցույցերը՝ փորձելով թույլ չտալ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում շարունակվող խռովությունների կրկնություն։
Այս ամսվա սկզբին «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել էր Ալիևի կառավարությանը դադարեցնել ընդդիմության առաջնորդների դեմ իրականացվող ահաբեկման արշավը։