Ողնաշարի համակցումը սովորական վիրահատություն է մեջքի ցավ ունեցողների համար, որի դեպքում սակայն կա նաև որովայնի խոռոչի բարակ նյարդերը վնասելու ռիսկ: Այդ նյարդերից մի քանիսը, հատկապես՝ տղամարդկանց մոտ, վերահսկում են սեռական գործառույթներն ու պտղաբերությունը:
Վիրաբույժները փորձարկում են բարձր տեխնոլոգիաներ, որոնք կվերացնեն վիրահատության անցանկալի երկրորդական հետևանքները:
Ողնաշարի վիրահատությունից հետո Էնթընի Ուիլյամսի համար ընթերցանությունը լավագույն եղանակն է քրոջ և եղբոր երեխաների հետ շփվելու համար: Ուիլյամսը սարսափելի ավտովթարից հետո սաստիկ ցավեր ուներ:
«Աավտովթարի ժամանակ մեքենաս թենիսի գնդակի նման հետ և առաջ ցատկեց», - ասել է Ուիլյամսը:
Վթարից հետո Ուիլիամսը սկավառակների ճողվածք ուներ, որը գնալով վատթարանում էր: Վիրահատումը նրա համար լավագույն տարբերակն էր:
Փենսիլվանիա նահանգի համալսարանի բժիշկները ողնաշարի վիրահատումը կատարում են եռաչափ ռոբոտային համակարգի միջոցով: Նպատակն է՝ չվնասել որովայնում փոքր նյարդերը, որոնք վերահսկում են սեռական գործառույթները:
«Մենք կարող էինք տեսնել այդ առանձին նյարդերի բաժանումները և տարածումը: Եթե դրանք տեսնում եք, հնարավոր է դրանք չվնասել», - ասում է բժիշկ Դանիել Օյնը:
Ողնաշարի վիրահատության որոշ եղանակների դեպքում տղամարդ հիվանդների մինչև 40 տոկոսի մոտ հնարավոր է, որ առաջանան պտղաբերության հետ կապված խնդիրներ: Ռոբոտային մոտեցման դեպքում ուռուցքաբանները ներս են մտցնում վիրահատական գործիքներ, որից հետո նյարդավիրաբույժները ներդիտակային՝ էնդոսկոպիկ միջոցներով համակցում են ողնաշարը:
«Ես հիշում եմ մուլտֆիլմեր, որտեղ մարդիկ փոքրացվում և դրվում են մարմնի մեջ: Առաջին անգամ այդպիսի վիրահատություն կատարելիս ինձ զգում էի մուլտֆիլմում՝ մի մարդու դերում, ով կանգնած է հիվանդի ողնաշարին», - ասում է բժիշկ Ուիլյամ Ուելչը:
Ուիլիամսի ողնաշարի համակցումը վերացրեց ցավն առանց կողմնակի ազդեցությունների։ Ըստ նրա, այլ երիտասարդներ թեթևություն կզգան՝ իմանալով այս տարբերակի մասին:
«20, 21 տարեկանում նայում ես առաջ՝ ընդհուպ մինչև ընտանիք ունենալը», - ասում է Ուիլյամսը:
Ռոբոտի օգնությամբ ողնաշարի վիրահատական մոտեցումը հաստատված է Սննդի և դեղորայքի դաշնային գործակալության կողմից: Սակայն նյարդաբանները ռոբոտը չեն օգտագործում ողնաշարի բուն համակցման աշխատանքը կատարելու ժամանակ: