Ադրբեջանում ոստիկանությունը ցրել է ընդդիմության հավաքը

بنگلہ دیش اور آئر لینڈ کے رمیان میچ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանության հատուկ ուժերը շաբաթ օրը բռնություններ են գործադրել՝ ընդդիմության չարտոնված ցույցը ցրելու ժամանակ։

Ոստիկանությունը, կիրառելով մահակներ և ռետինե գնդակներ, արգելափակել է մուտքը դեպի Բաքվի կենտրոնական հրապարակ, սակայն ավելի քան 300 ցուցարարի հաջողվել է ժողովվել Շատրվանների հրապարակի մոտակայքում՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ, երթով անցնելով քաղաքի կենտրոնական փողոցներով։

«Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահի տեղակալ Ֆուադ Ղահրամանլին հայտնել է, թե «այս ակցիան հաջող է ընթացել»։ Այս ուղերձով հանդես գալուց անմիջապես հետո Ղահրամանլին ձերբակալվել է։

Ձերբակալվել են նաև ընդդիմադիր ուժերի այն ներկայացուցիչները, որոնք հրապարակում ցույց անցկացնելու փորձեր են կատարել ՝ նախքան ոստիկանությունն արգելափակել է դեպի հրապարակ տանող մուտքը։

Ադրբեջանում իշխող կուսակցության օրենսդիրներից մեկի կարծիքով, ցույցին սակավաթիվ մարդկանց մասնակցության հանգամանքը վկայում է ընդդիմության փոքրաթիվ և անզոր լինելու մասին։

Ադրբեջանի ընդդիմադիր երկու կուսակցությունների առաջնորդներին, ուրբաթ օրը կայանալիք ցույցերի նախօրեին, կանչել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն և հիշեցրել, որ ցույցեր անցկացնելն անօրինական է լինելու։

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, ուրբաթ օրվա հանրահավաքների նախօրեին ձերբակալվել է ընդդիմադիր ուժերի ավելի քան տասը ակտիվիստ։ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը հայտնել են նաև, որ ձերբակալություններ են կատարվել նույնիսկ ցույցի սկզբից մի քանի ժամ առաջ։