Ադրբեջանի Գերագույն դատարանը որոշել է հանել երկրի թերթերից մեկի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևի դեմ ներկայացված զրպարտության և ահաբեկչության մեղադրանքները: Լրագրողի գործը միջազգային մեծ արձագանք է առաջացրել, սակայն իրավապաշտպանի համաձայն, նա դեռ մնում է բանտարկության մեջ:
Լրագրողի իրավապաշտպանն ասում է նաև, որ մեղադրանքները հանվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այս տարվա ապրիլ ամսին լրագրողի բանտարկությունը որպես մարդու իրավունքների խախտում որակավորվելուց հետո:
Լրագրողը, այնուամենայնիվ, բանտարկությունից ազատ չի արձակվել, քանի որ հուլիս ամսին նա կրկին դատապարտվել է երկուսուկես տարի ժամկետով` թմրանյութեր պահելու մեղադրանքով: Այս մեղադրանքի դեմ բողոքարկումը ներկայացվել է Ադրբեջանի Գերագույն դատարան:
Ֆաթուլաևը Արդբեջանի կառավարությանը քննադատող երկու թերթերի գլխավոր խմբագիր է: Առաջին անգամ նրան բանտարկել էին 36 ամսով 2007 թվականին քրեական զրպարտության և վիրավորանք հասցնելու մեղադրանքով` Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինծառայողների կողմից հայերի զանգվածային սպանությունները նկարագրող հոդված հրապարակելու համար:
Նույն տարվա ընթացքում նա դատապարտվել էր երկրորդ անգամ` 8,5 տարի ժամկետով` ահաբեկչության սպառնալիքների, ազգամիջյան ատելություն հրահրելու և հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքներով:
ԵԱՀԿ-ը և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ են արել ազատ արձակել Ֆաթուլաևին` կասկածահարույց համարելով թմրանյութեր պահելու մասին նրա դեմ ներկայացված մեղադրանքները:
Իրավապաշտպան և մամուլի ազատության համար պայքարող միջազգային կազմակերպությունները բազմիցս մեղադրել են Ադրբեջանին` լրագրողներին բանտարկելու և մամուլի ազատությունը սահմանափակող օրենքներ ընդունելու միջոցով խոսքի ազատության համար խոչընդոտներ ստեղծելու պատճառով:
Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում բազմաթիվ լրագրողներ են բանտարկվել զրպարտությունն այդ երկրում քրեականացնելու, այլ ոչ քաղաքացիական բնույթի իրավախախտում համարելու պատճառով: