Ադրբեջանում ազատ է արձակվել բանտարկության մեջ գտնվող բլոգերներից մեկը

Ադրբեջանում ազատ է արձակվել բանտարկության մեջ գտնվող բլոգերներից մեկը

Ադրբեջանի դատարաններից մեկն ազատ է արձակել անցյալ տարի բանտարկության դատապարտված երկու բլոգերներից մեկին:

Անցյալ տարի բլոգերների բանտարկությունն առաջ էր բերել միջազգային հանրության զայրույթը:

Ադնան Հաջիզադեն ազատ է արձակվել հինգշաբթի օրը Բաքվի վերաքննիչ դատարանի որոշմամբ ` բանտում անցկացնելով երկու տարվա բանտարկության ժամկետի կեսը: Նրա գործընկեր Էմին Միլին, որը դատապարտվել էր երկուսուկես տարվա բանտարկության, դեռևս գտնվում է ազատազրկման մեջ:

Երկու բլոգերները բանտարկվել էին 2009 թվականին` Բաքվի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո:

Բլոգերները և նրանց աջակիցները պնդում են, որ նրանց ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ և ասում, որ ձերբակալվել են ինքնապաշտպանության փորձ կատարելու ժամանակ, երբ նրանց վրա հարձակում էին գործել քաղաքացիական զգեստ կրող ոստիկանները:

Ձերբակալումից մի քանի օր առաջ Հաջիզադեն ինտերնետում հրապարակել էր երգիծական տեսահոլովակ, որում պարտկերված էր Ադրբեջանում սոցիալական իրավունքների մասին խոսող մի ավանակ:

Բլոգերների բանտարկությունն արժանացել էր միջազգային հանրության խիստ քննադատությանը: Աշխարհի պետությունների ղեկավարները, որոնց թվում էր նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, կոչ էին արել ազատ արձակել բլոգերներին: