Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովը, հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, ասել է, թե Հայաստանը կոպիտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի այլ փաստաթղթերը և ագրեսիա է գործում իր երկրի նկատմամբ:
«Ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքի գրեթե 20 տոկոսը շարունակում է մնալ օկուպացված և ադրբեջանցի գրեթե մեկ միլիոն փախստական և ներքին տեղահանված անձինք չեն կարող վերադառնալ իրենց տները», - ասել է Մամադյարովը:
Հանդես գալով երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե Հայաստանի ղեկավարությունը «շարունակում է հրապարակայնորեն հրահրել գալիք սերունդներին նոր պատերազմի, բռնությունների և ագրեսիայի և բոլոր հնարավոր միջոցներով տարածում է ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ թշնամանքի և ատելության վտանգավոր գաղափարները»:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը, օգտագործելով պատասխան խոսքի իր իրավունքը, ասել է, որ Ադրբեջանի կողմից արված մեկնաբանությունները «Սառը պատերազմի» ոճով իրականացվող քարոզչություն է, որը որևէ կերպ չի նպաստում հակամարտության կարգավորման: Նա ասել է նաև, որ Մամադյարովը սխալ է մեկնաբանում ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը և արհեստականորեն ձգձգում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքը:
Պատասխանելով ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի մեկնաբանությանը, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն ասել է, թե Լեռնային Ղարաբաղում Հայաստանը «էթնիկական զանգվածային զտումներ է իրականացնում և վերջ ի վերջո ստիպված է լինելու դադարեցնել սադրանքների քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման թեման անցյալ ուրբաթ օրը քննարկվել է Միավորված ազգերի կազմակերպության նախագահ Բան Կի-մունի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև անցկացված հանդիպման ընթացքում: