Նոր միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին

«Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել Հայատանի Հանրապետության պետական սահմանը: Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որի համաձայն հայ դիրքապահները հայտնաբերել են դիվերսիոն խումբը և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է:

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմից կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներեր, իսկ դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:

«Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան», - նշումը է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը:

«Վաշինգտոն փոստ» ամերիկյան օրաթերթը սակայն, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է տարածել, որի համաձայն այս երկրի զինծառայողները զոհվել են Հայաստանի զինված ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով:

«Վաշինգտոն փոստ»-ի համաձայն, «երեքշաբթի առավոտյան Ադրբեջանի զինծառայողների վրա հարձակում են գործել Հայաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայողները, ինչի հետևանքով զոհվել է Ադրբդջանի հինգ զինծառայող»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընի Հայաստան կատարվող այցի ընթացքում տեղեկացել է հայ-ադրբեջանական սահմանին հունիսի 4-ին տեղի ունեցած սադրանքի մասին, որի պատճառով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարին ուղեկցող «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը Երևանից հաղորդել է, որ Հիլարի Քլինթընը, արձագանքելով այս տեղեկատվության ասել է, որ «շատ է մտահոգված լարվածության սրմամբ, ինչպես նաև երիտասարդ զինծառայողների և քաղաքացիական անմեղ անձանց անմիտ մահվամբ»:

«Ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել, հետևաբար ուժ չպետք է կիրառվի», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի, արտգործնախարար Քլինթընը վստահեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որ այս միջադեպի մասին կհիշատակի Բաքու չորեքշաբթի օրը կայանալիք իր այցի ընթացքում: