«Ադրբեջանն ինտենսիվ կերպով զարգացնում է իր զինված ուժերը` Հայաստանի կողմից գրավված հողերը ցանկացած պահի վերադարձնելու հնարավորություն ունենալու համար»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը՝ Թուրքիայի իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ուրբաթ օրը Անկարա ժամանած Աբիևը հավելել է, թե իրենք չեն պատրաստվում ոչ մի թիզ հող զիջել որևէ մեկի, և այսօր Ադրբեջանն իր բոլոր ուժերը կենտրոնացրել է զինված ուժերի մարտական պատրաստությունը բարձրացնելու ուղղությամբ:
Նրա համաձայն, Ադրբեջանը վճռական է իր դիրքորոշման մեջ, և նա «հետ չի վերցնելու իր խոսքերը»:
«Ադրբեջանի բոլոր հողերը պետք է վերադարձվեն, իսկ հայկական ուժերը` դուրս գան ադրբեջանական տարածքից» - ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: