Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցը ամերիկյան համայնքներում

Սեպտեմբերի 11-ի տարելիցը ամերիկյան համայնքներում

2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորք ու Վաշինգտոն քաղաքները և Փենսիլվանիա նահանգը ահաբեկիչների հարձակումների հիմնական թիրախն էին։ Սակայն զանգվածային լրատվամիջոցների այսօրվա աշխարհում դեպքի վայրերից հեռու, փոքրիկ քաղաքներում և գյուղական վայրերում ամերիկացիները նույնպես զգացել էին այդ հարձակման հետ կապված բարկությունն ու վիշտը:

Երգիչ և երգահան Սինդի Գրեյսընն ապրում է Նակոդոչեսում, մասամբ որովհետև դուր է գալիս լինել մեծ քաղաքների լարվածությունից հեռու:

Նա հետևում է լուրերին, սակայն ֆիզիկապես հեռու է պատերազմներից եւ հակամարտություններից:

“Մասամբ զգում եմ, որ այդ ամենը տեղի է ունենում մեկ ուրիշ վայրում, սակայն Նակոդոչեսում բոլորովին այլ աշխարհ է”:

Սակայն, նա ասում է որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ այդ սարսափելի դեպքերը կարծես ավելի մոտ էին իր քաղաքին։ Եվ երբ Կոլոմբիա տիեզերանավը 2003թ. խորտակվեց եւ տիեզերանավի մասերը ընկան քաղաքի վրա, նա կարծել էր, թե ահաբեկչական հարձակում է տեղի ունենում:

“Երբ տունը և ամեն ինչ սկսեց ցնցվել, կարծեցի՝ ինչ-որ բան են պայթեցրել Դալասում կամ Հյուսթընում, և մենք դրա ցնցումներն ենք զգում”:

Քերոլին Ադամսի երկու որդիները ծառայում են ամերիկյան զորքերում: Նա կարծում է՝ Աֆղանստանում Միացյալ Նահանգների գործողությունները և Օսամա Բեն Լադենի սպանությունը Պակիստանում նվազացրել են ահաբեկության վտանգը:

“Գիտենք, որ Բին Լադենը համախոհներ ունի, սակայն նրան ոչնչացնելը օգուտ էր”:

Թոշակի անցած բժիշկ Քերոլ Գրեգըրին սգում է պատերազմի հետևանքով զոհվածների և տուժածների համար, սակայն վստահ չէ, թե որքանով են դրանք Ամերիկան դարձրել պաշտպանված:

“Դեռ անհանգստացած եմ, որ դա կարող է նորից պատահել, վստահ չեմ, որ մենք ապահով ենք”:

Նակոդոչեսի բնակիչների անվտանգությունն ապահովող մարդկանցից մեկը սերժանտ Գրեգըրի Սոուելն է: Ըստ նրա՝ Նակոդոչեսն երբևէ այդքան լավ պաշտպանված չի եղել՝ շնորհիվ Միացյալ Նահանգների Հայրենիքի անվտանգության նախարարությունից ուղարկվող ֆինանսական դրամաշնորհների:

“Մենք ավելի շատ սարքավորում ունենք, քան երբևէ երազել ենք ունենալ, բարդ սարքավորումներ, այս չափի քաղաքի համար”:

Ըստ Սոուելի՝ դաշնային դրամաշնորհների օգնությամբ Տեխասի արևելքի քաղաքները համագործակցել են ցանկացած աղետի դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքելու ցանցի ստեղծման շուրջ:

“Այդ ծրագրերը եւ միջոցները Նակոդոչեսում գործի դրվեցին Ռիտա և Այք փոթորիկների ժամանակ”:

Այստեղ կյանքը հիմնականում դանդաղ է և հեշտ: 2001թ. սեպտեմբերի 11-ի օրվա զգացմունքների ազդեցությունը նույնիսկ թուլացել է այստեղ, ասում է Նակոդոչեսի համալսարանի պատմության պրոֆեսոր Ստեֆըն Օսթինը:

“Մարդկանց մեծ մասը հավանաբար չի հիշում ահաբեկչական գործողություններից քանի տարի է անցել: Սակայն երբ մոտենում է տարելիցի թվականը, մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում և կազմակերպում են հիշատակի միջոցառումներ”:

Ըստ Մըքդանըլդի՝ սեպտեմբերի 11-ն ի վերջո կդառնա Ամերիկայի պատմական օրերից մեկը, որ ամերիկացիները նշում են, ինչպես Անկախության օրն է:

“Այժմ բոլորս տոնում ենք հուլիսի 4-ը: Մենք չենք հիշում, թե որքան մարդ է մահացել 235 տարի առաջ այդ օրերին”:

Միացյալ Նահանգների վրա հարձակման 10-րդ տարելիցին մարդիկ շարունակում են հուսալ, որ իրենք, իրենց համայնքները և երկիրը մնում է անվտանգ: