Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություն. Ահաբեկիչների ֆինանսավորման կասեցում

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություն

2001թ. սեպտեմբերի 11-ի Միացյալ Նահանգների վրա ահաբեկչական հարձակման 10-րդ տարելիցի առթիվ կանդրադառնանք նաեւ ահաբեկչության դեմ թաքնված պայքարին, որ Միացյալ Նահանգները դեռ մղում է սակայն ոչ արյամբ, այլ բանկային հաշիվների միջոցով:

Հանցագործության դեմ պայքարողները գիտեն, որ հանցագործին գտնելու եղանակներից մեկը նրանց անձնական ֆինանսներին հետևելն է: Նյու Յորքի և Վաշինգտոնի վրա հարձակումները վերաիմաստավորեցին հանցագործի հասկացողությունը եւ պայքարի նոր եղանակներ ստեղծեցին օգտագործելով հսկողության տեսախցիկներն ու համակարգչային տվյալները:

Մեթյու Լեվիթը Վաշիգտոն ինստիտուտում հակաահաբեկչության պայքարի և հետախուզության ծրագրի տնօրենն է

“Պարզվում է՝ միջազգային սպառնալիքների ֆինանսավորման դեմ պայքարելը արդյունավետ միջոց է հակառակորդի գործողությունները կանխելու համար”:

Սեպտեմբերի 11-ից հետո պարզ էր, որ ահաբեկիչներին գաղափարներից բացի այլ միջոցներ են հարկավոր: Ամերիկյան հետախուզությունը սկսեց պայքարել տվյալների միջոցով՝ հետևելով ճամփորդելու վարքագծին, էլեկտրոնային հաղորդակցությանը և դրամի հոսքերին:

“Գումարների փոխանցումը ուշագրավ երեւույթ է: Դա նշանակում է որ դրամը ստացողները միջնորդներ են եւ ներգրավված են կարևոր մի գործության մեջ: Հետեւաբար, այս փոխանցումներին և ֆինանսական խողովակներին հետեւելով հնարավոր է պարզել, թե գումարները որտեղից են գալիս և ուր են գնում”:

Այդ նպատակի համար Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունում նոր բաժին է ստեղծվել: Արտաքին հարաբերությունների խորհրդից Սթյուարտ Լիվին նախկինում գլխավորել է Ահաբեկչության և ֆինանսների հետախուզության վարչությունը:

“Սա առաջին և միակ ֆինանսների նախարարությունն է աշխարհում, որն ունի հետախուզության ամբողջական բաժին: Դա կարևոր է, և նշանակում է, որ ֆինանսական հետախուզությունը բավական հուսալի է”:

Գործակալությունը պարզել է, որ սեպտեմբերի ահաբեկչությունն իրականացնելու գումարները՝ գրեթե 500 հազար դոլար, Միացյալ Նահանգներում ահաբեկիչներին է փոխանցվել եվրոպական և Մերձավոր Արևելքի բանկերի միջոցով: Տեղեկատվությունը մասամբց ստացվել է Բրյուսելից, Միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման համաշխարհային միությունից։

“Ես խոսում եմ տվյալների բազայի մասին, որը ստացվել էր մասնավոր հատվածի կառույցներից։ ”:

Տվյալների այդ բազան օգտագործելով Միացյալ Նահանգների կառավարությունը կարգադրել էր սառեցնել ահաբեկիչների հետ կապ ունեցող խմբավորումների և անհատների ակտիվները: Դրա շնորհիվ նաև հաջողվեց բռնել ալ Քաիդայի գործիչներին, այդ թվում՝ Համբալի անունով մարդուն, ով 2002թ. Բալիի ռմբակոծման ծրագրի հեղինակն էր:

Սակայն ֆինանսական տեղեկատվությունը հետևելու կառավարության հնարավորությունը մտահոգություններ է առաջացրել անձի գաղտնիության և դրա՝ հնարավոր շահագործման շուրջ:

“Մարդիկ կարծում են, մենք հավաքում ենք տեղեկատվությունը և դրան մոտենում ինչպես ցանկանանք: Իրականում շատ խիստ հսկողություն է սահմանված”:

Ահաբեկչության դեմ պայքարում ամենամեծ բեկումնային պահը այս տարվա մայիսին Միացյալ Նահանգների գրոհայինների կողմից Օսամա Բեն Լադենի սպանությունն էր Պակիստանում: Ըստ ամերիկյան պաշտոնյաների՝ գրոհի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը վկայում է, որ ալ Քաիդան լուրջ ֆինանսական դժվարություններ ունի:

“Օսամա Բին Լադենը խարիզմատիկ անձնավորություն էր, և նրա դերը կարևոր էր ֆինանսների ներգրավման, վերապատրաստման, նաև կազմակերպության միասնականության մեջ, ուստի սա հսկայական ձեռքբերում էր և զարգացում ալ Քաիդայի հետ պայքարում: Սակայն դա չի վերացրել սպառնալիքը”:

Ահաբեկիչ-խմբավորումները շարունակ հարմարվում են նոր իրավիճակներին: Որոշները գործողությունների ֆինանսավորման համար դիմում են քրեական գործողությունների՝ թմրադեղերի առևտուր, առևանգում: Գումարի պակասի դեպքում անցնում են ավելի փոքր, ավելի էժան գրոհների: Անկախ գրոհների մասշտաբներից՝ Մետ Լեվիթի խոսքերով ֆինանսների հոսքին հետևելն արդարացված է:

“Ճիշտ է, որ ցանկացած հարձակում համեմատաբար թանկ չէ, սակայն սխալ է ենթադրել, որ եթե ահաբեկչական հարձակումները թանկ չեն, դրամական հոսքերին հետևելն արդյունավետ չէ: Ճիշտ հակառակը. եթե 5 հազար դոլարի կարիք ունեն, ապա դա կարեւոր տվյալ է մեզ համար՝՝։

Սակայն դա չի նշանակում, որ ահաբեկչական հարձակումները կդադարեն: Ըստ փորձագետների՝ բազմակողմանի մոտեցումը՝ դրամական հոսքերի կանգնեցում և անխտիր սպանելու գաղափարախոսության դեմ պայքար, շարունակական զգոնություն, նվիրում և համաշխարհային համագործակցություն է պահանջում: