Թուրքիայի Սվազի նահանգում գտվնող 1Օ61 թվականի հայկական պատմական գերեզմանատունը վերականգնվել է Թուրքիայում Հայոց Պատրիարքարանի եւ քաղաքային ու նահանգային կառավարությունների համատեղ ջանքերով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթը։ Ըստ թերթի, նույն ծրագրի շրջանակներում վերականգնվել է նաեւ հարեւանությամբ գտնվող մահմեդական գերազմանատունը։
Սվազի հայկական համայնքի ղեկավար Մինաս Դյուրմազգյուլերի խոսքերով, ամռան ամիսներին սովորաբար այստեղ են ժամանում մեծաթիվ հայեր աշխարհի տարբեր հատվածներից՝ դիտելու մեկ հազարամյակ հնություն ունեցող գերեզմանատունը, սակայն վատ պայմանների պատճառով, երբեմն հեռանում՝ վատ տպավորություններով։ Ինչպես Դյուրմազգյուլերն է ասում, գերեզմանատան վերականգնումն, ի շարս այլ նպատակների, ունեցել է նաեւ զբոսաշրջությանը զարկ տալու նպատակ։
Ինչպես քաղաքագլուխն է ասում, վերափորագրվել են մի շարք շիրիմների վրայի անվանումները, տնկվել նոր ծառեր, բարեկարգվել շրջակա տարածքները։
Նույն թերթը նշում է, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորորգումից հետո վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Թուրքիայում գտնվող հայկական մի շարք եկեղեցիներում եւ վանքերում։