ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը, որը հինգ երկրներ կատարելիք այցը սկսել է Ուկրաինայից, այս երկրի մայրաքաղաքում հայտարարել է, թե ԱՄՆ-ը չի փորձի համոզել Կիեւին միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին, ՝՝քանի որ ինքնիշխան պետությունն ինքնուրույն պիտի ընտրի իր դաշնակիցներին՛՛։
Նա ավելացրել է սակայն, որ Ուկրաինայի անդամակցության ուղու վրա ՆԱՏՕ-ն իր դռները բաց է թողնում։
Քլինթընի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ մեծապես է հետաքրքրում վերլուծաբաններին ու քաղաքական գործիչներին, քանի որ Յանուկովիչը փորձում է հավասարակշռություն պահպանել Ռուսաստնի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում։ Ավելին, նախագահ ընտրվելուց հետո, նա արտասահմանյան իր առաջին այցն իրականացրեց ոչ թե Մոսկվա, այլ Բրյուսել այցելելով։
Քլինթընը, նախագահին հանդիպելուց հետո, ընդունելու է նաեւ երկրի ընդդիմության ներկայացուցիչներին։
Շաբաթ օրը նա կմեկնի Լեհաստան։ Իսկ կիրակի օրը սկսելով հանդիպումներն անդրկովկասյան երկրների ղեկավարների հետ՝ կհորդորի նրանց արագացնել առկա հակամարտությունները լուծելու գործընթացները։