Սիրիայում անցկացվել է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձների հանձնման արարողությունը

Դամասկոսի հայկական դպրոցների ղեկավարներն ու հոգևոր հայրերը բարձր են գնահատել Հայաստանի նախագահի ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը ծանր օրեր ապրող սիրիահայ գաղութի նկատմամբ
Սիրիայում Հայաստանի դեսպան դեսպան Արշակ Փոլադյանը հունվարի 19-ին Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Դամասկոսի հայկական ուսումնական հաստատությունների ղեկավարներին փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Հանդիսավոր արարողությանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաուտյանը, թեմական և գավառական ժողովների ու միությունների ղեկավարներ, հոգաբարձուների խորհուրդների անդամներ և դպրոցների տնօրեններ:

«Հանդիսավոր պայմաններում դեսպան Արշակ Փոլադյանն ընթերցեց Հայաստանի նախագահի ուղերձը, ուր, ջերմորեն շնորհավորելով հայկական դպրոցների ուսուցչական կազմի ներկայացուցիչներին ու սաներին, համոզմունք է հայտնվում, որ բարեկամ Սիրիայում մոտ ապագայում կտիրի սպասված խաղաղությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը՝ ընդգծելով որ թե՛ Հայաստանը, և թե՛ համայն հայությունը աջակցում են և աջակցելու են սիրիահայերին` վերագտնելու խաղաղություն և պահպանելու իրենց օջախները», - ասված է հաղորդագրության մեջ:

Իրենց շնորհակալական ելույթներում Դամասկոսի հայկական դպրոցների ղեկավարներն ու հոգևոր հայրերը բարձր են գնահատել Հայաստանի նախագահի ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը ծանր օրեր ապրող սիրիահայ գաղութի նկատմամբ և երախտագիտությամբ ընդունել են Հայաստանի նախագահի կողմից ցուցաբերված դրամական օժանդակությունը: