Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 13-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հայաստանի արտգործնախարարույան մամուլի հաղորդագրության համաձայն, համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:

«Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին», - նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնեն, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 12-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ Հայաստանը աջակցում է ԵԱՀԿ-ի բարեփոխումների գործընթացին և այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է կազմակերպության արդյունավետության և հեղինակության բարձրացումը:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին իր հերթին վստահեցրել էր, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության մթնոլորտի ապահովման գործում:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձել էին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Այս ենթատեքստում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը նշել էր, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ ընթացք են ունեցել և արժանացել են միջազգային դիտորդների համապատասխան դրական գնահատականի, և հույս էր հայտնել, որ դիտորդների առաջարկությունները հաշվի կառնվեն ու լրացուցիչ խթան կհանդիսանան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առավել բարձր մակարդակով անցկացման համար:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք ընդգծվել էր, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձևաչափի շրջանակներում: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը աջակցություն էր հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին և կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղված նրանց նախաձեռնություններին: