Լիտվայի արտգործնախարար. «Ուշ, թե շուտ պատմությունը թակում է ներկայի դռները»

Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիս (արխիվային լուսանկար)

Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա:

Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառում էր հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի և Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանի այցելության ծրագրում նախատեսված էին նաև հանդիպումներ լրատվամիջոցների հետ: Մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարը ծավալուն հարցազրույց տվեց Լիտվայի հանրային հեռուստատեսությանը, նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը համատեղ ճեպազրույց ունեցան լրագրողների հետ:

Արտգործնախարար Նալբանդյանը նախ երախտագիտություն հայտնեց Լիտվային դեռ 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Պատասխանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ լրագրողի հարցին, նախարարն ասաց.

«Թուրքիայից հնչող փաստարկները չեն դիմանում որևիցե քննադատության: Նրանք ասում են, որ ընդունված օրինագիծը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց բոլորը գիտեն», - նշել է նախարարը, «որ եթե ինչ-որ մեկն այսօր խանգարում է կարգավորմանը, ապա դա հենց Թուրքիան է: Թուրքիայից հնչում է, թե այդ օրենքը խմբագրում է պատմությունը: Ցավոք սրտի մի ողջ ժողովրդի համար ողբերգություն դարձած պատմության սև էջերն արդեն գրված են: Եվ շրջել այդ էջերը, եթե ընդհանրապես հնարավոր լինի դա անել, ապա ճանաչման, դատապարտման, ժխտողականության կանխարգելման միջոցով, որպեսզի թույլ չտրվի, որ աշխարհը ականատես լինի նոր ողբերգությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների»:

Հայաստանի արտգործնախարարը նշել է նաև, որ Սենատի կողմից հաստատված օրինագիծը չի վերաբերում ինչ-որ կոնկրետ երկրի:

«Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հանդեպ մեղադրանքներով և ժխտողականության դրսևորումներով լի արձագանքը վկայում է պետական մակարդակով ժխտողականության քաղաքականության մասին: Դա շատ վտանգավոր երևույթ է: Եվ այս ամենը ապացուցում է Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքի անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այդ որոշումը պետք է աջակցություն ստանա այլ երկրների կողմից, որպեսզի թույլ չտրվեն մարդկության դեմ նոր հանցագործություններ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Արձագանքելով նույն հարցին՝ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը նշեց. «Ուշ, թե շուտ պատմությունը թակում է ներկայի դռները, և մենք պետք է բացենք դրանք: Մենք պետք է առճակատվենք պատմությանը, մենք պետք է գնահատենք այն, ինչ կատարվել է, բաց, շիտակ և ազնիվ ձևով: Առանց դրա մենք երբեք չենք ունենա խաղաղություն կայուն միջպետական հարաբերություններում»:

«Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ ճիշտ են այն քաղաքական գործիչները, որոնք գտնում են, որ պետք է քննարկել պատմությունը, իսկ նրանք, ովքեր ասում են, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին՝ սխալ են: Փոխադարձ հարաբերություններում անհարթություններն ու անվստահությունը առկա կլինեն մինչև մենք չկարգավորենք հաշիվներն անցյալի հետ», - շեշտել է Լիտվայի արտգործնախարարը: