Հայաստանի արտգործնախարարը մեկնաբանություններ է ներկայացրել ԵԱՀԿ-ի ՄԽ-ի ամերիկացի համանախագահի ելույթի կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանն ասել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուքորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը «ընդհանուր առմամբ արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները»
«Քարնեգի» հիմնադրամում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից այս շաբաթ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների ներկայացված դիրքորոշմանը մեկնաբանություններ է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարը:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված մեկնաբանություններում արտգործնախարար Նալբանդյանը մասնավորապես ասել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուքորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը «ընդհանուր առմամբ արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները»։

«Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ճշմարտացի է, որ առաջարկությունների որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը», - իր մեկնաբանություններում նշել է Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանի արտգործնախարարությունը կիսում է եռանախագահների կարծիքն այն մասին, որ «այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»:

«Հայաստանը, արձագանքելով եռանախագահող երկրների ղեկավարների կոչերին, բազմիցս է արտահայտել և ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության։ Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», - եզրափակում են «Քարնեգի» հիմնադրամում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների դիրքորոշմանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունները: