Հայկական հիմնադրամին Ստամբուլում անշարժ գույք է վերադարձվել

Փողոց Ստամբուլում (արխիվային լուսանկար)

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը «Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի» հիմնադրամին է վերադարձրել սեփականության իրավունքը Ստամբուլի Թոփքափի շրջանում գտնվող պատմական մի շենքի նկատմամբ:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, եկեղեցու հիմնադրամի նախագահ Մոնիք Էրգանն իր գոհունակությունն է արտահայտնել այս քայլով, սակայն, հիմնադրամի վարչակազմի համաձայն, Թոփքափի շրջանում դեռևս բազմաթիվ շենքեր պետք է վերադարձվեն:

«Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց» հիմնադրամին մի քանի տարի տևած դատավեճի արդյունքում 2011 թվականի սկզբին վերադարձվել է Բեյողլու շրջանի Կարաքոյ թաղամասում գտնվող «Սելամեթ» հյուրանոցը: Սակայն ի տարբերություն այս դեպքին, Թոփքափի թաղամասում գտնվող շենքի վերադարձն իրականացվել է առանց որևէ դատավեճի: Շենքը եկեղեցու հիմնադրամին վերադարձվել է` Հիմնադրամների գլխավոր տնօրինությանը գրավոր դիմում ներկայացնելու արդյունքում:

Սակայն եկեղեցու հիմնադրամի երկրորդ նախագահ Մուրաթ Չաքանի համաձայն, նույնիսկ վերադարձված շինությունները բավարար չեն` եկեղեցու և հիմնադրամի կողմից տնօրինվող «Լևոն Վարդուհան» կրտսեր դպրոցի ֆինանսավորման կարիքներն ապահովելու համար, քանի որ հիմնադրամը գտնվում է ֆինանսական ծայրահեղ վատ վիճակում:

Չաքանը հայտնել է նաև, որ 195 տարվա պատմություն ունեցող հիմնադրամին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերը հայտնաբերվել են եկեղեցու արխիվներում:

Մեսրոպ 2-րդ պարտիարքը և հայկական համայնքի այս գործիչներ, հիմնադրամի նախկին վարչակազմի դիմումի հիման վրա նախկինում որոշում են կայացրել դպրոցը փակելու մասին, սակայն այս որոշումը հետագայում չեղյալ է հայտարարվել:

Թուրքիայի հունական համայնքն անցյալ ամիս որոշել է փակել պատմական շենքերում գտնվող երեք դպրոց` փոխարենը հիմնադրելով մշակութային կենտրոններ, որոնց միջոցով համայնքը նոր եկամուտ է ստանալու:

«Հունական համայնքը կարող է փակել իրենց դպրոցները, բայց մենք 60 հազար անդամ ունեցող համայնք ենք»` հաստատելով դպրոցը փակելու որոշմանն իր ընդդիմությունը ասել է եկեղեցու հիմնադրամի նախագահ Մոնիք Էրգանը: