Հայաստանի արտգործնախարարը չի բացառել Դավութօղլուն հետ հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Երևան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա այցով ժամանել է Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը:

Դավութօղլուն դարձել է 2009 թվականից Հայաստան ժամանած Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյան:

Հայաստանյան մամուլի փոխանցմամբ՝ Երևանում Թուրքիայի արտգործնախարարին բողոքի ցույցերով դիմավորել է մի խումբ ցուցարարներ, որոնք պահանջում են Թուրքիայից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ցուցարարներից խուսափելու նպատակով, ըստ հաղորդագրությունների, Դավութօղլուն ստիպված էր եղել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին անցնել Երևանի «Մարիոթ» հյուրանոցի հետևի դռնից:

Ըստ հաղորդագրությունների, չնայած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի միջև հանդիպում անցկացնելու ծրագրեր չկային, այնուամենայնիվ, ըստ Թուրքիայի դիվանագետների, Հայաստանի կողմից նման հանդիպում անցկացնելու հրավեր ստանալու դեպքում նրանք նման հանդիպման անցկացման համար որևէ խոչընդոտ չեն տեսնում:

Թուրքիայի դիվանագետներն այնուամենայնիվ նշել են, որ Դավութօղլուի այցը Հայաստան չպետք է համարել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված նոր քայլ:

«Շեշտում ենք և վերահաստատում մեր կոչը հանուն կայուն, բարգավաճ Հարավային Կովկասի: Մենք միշտ շեշտել ենք, որ որևէ նախապաշարումներ չունենք Հայաստանի նկատմամբ», - «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ ասել են Թուրքիայի դիվանագետները:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այս ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում, ասել է, որ Հայաստանն ու միջազգային հանրությունն ունի հստակ դիրքորոշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ, որի համաձայն այն պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների:

«Թուրքական կողմի փորձերը կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել ապարդյուն են և անիմաստ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Հայաստանի արտգործնախարարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է, որ հանդիպումներ են նախատեսված արտգործնախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում նաև Թուրքիայի արտգործնախարարի։