Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները

Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները

Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև բանակցությունները:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվելու են տնտեսության, մասնավորապես արտաքին առևտրի, ինչպես նաև տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իրականացվող երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը պետական այցով ժամանել է Մոսկվա:

Հայաստանի նախագահն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին:

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Սերժ Սարգսյանը կիրակի երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերարների հետ:

Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա և աշխույժ զարգացում է ապրում` նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այն ուղղված է դեպի ապագան և փոխադարձաբար օգտակար է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համար: