Հայաստանի նախագահն ընդունել է «Ռոսնեֆտ»-ի նախագահի գլխավորած պատվիրակությանը

«Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է Ռուսաստանի «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը:

Սարգսյանի և Սեչինի հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին, ըստ հաղորդագրության, Հայաստանի նախագահի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: