Հայաստանում ցուցարարները արտահերթ ընտրություններ են պահանջում

Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպված ցույց Երևանում (արխիվային լուսանկար)

Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվել է բողոքի ցույց, որին մասնակցել է առնվազն հինգ հազար մարդ: Ցույցի ընթացքում ցուցարարները պահանջել են երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել:

Երևանում ուրբաթ օրն անցկացված ցույցը կազմակերպել է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը:

Ցույցի ընթացքում ցուցարարները խոստացել են նաև բողոքի ցույցեր կազմակերպել ավելի հաճախ՝ այնքան ժամանակ, մինչև չբավարարվեն իրենց պահանջները, ներառյալ անցյալ ամիս ոստիկանության հետ ընդհարումից հետ ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին ազատ արձակելու պահանջները:

Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև վերջերս սկսվել էր երկխոսության գործընթաց, որը, սակայն, դադարեցվել է՝ ակտիվիստների ձերբակալությունից հետո:

Երևանում նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության դեմ բողոքի ցույցեր են անցկացվում 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնք, ըստ ընդդիմության, կեղծված են եղել:

Իրավապաշտպան կազմակերպություններն ու ընդդիմությունը մեղադրում են Հայաստանի նախագահին և կառավարությունը քաղաքական դատավարություններ անցկացնելու մեջ՝ ի պատասխան 2008 թվականին նախագահական վիճահարույց ընտրություններից հետո տեղի ունեցած քաղաքական խռովությունների, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել:

Ընդդիմության անդամները պնդում են, որ նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկությունը կեղծվել է, և իշխանություններին մեղադրել են նաև ոստիկանության կողմից ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու պատշաճ հետաքննություն չանցկացնելու մեջ: