Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հայաստանը հուլիսի 5-ին նշում է Սահմանադրության օրը:

Սահմանադրության օրվա կապակցությամբ իր շնորհավորանքի խոսքն է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ Սահմանադրության ընդունման և դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց են տվել Հայաստանի ժողովրդի դիրքորոշումն այն մասին, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել, ինչն անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը «բոլորիս սուրբ պարտականությունն է»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու նպատակադրումը, որը կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, սակայն խոստովանել է, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել:

«Այսօր մենք մեր քայլերով, մեր հետևողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը: Մեր քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն և հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլև կյանքի նորմ» - ասել է Սարգսյանը:

«Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան և´ իշխանությունների քաղաքական կամքը, և´ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը», - Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ իր տոնական ուղերձում շեշտել է Սերժ Սարգսյանը: