Հակաձգողական յոգայի դասընթացներ

An AntiGravity Yoga class in Los Angeles (VOA - E. Lee).

Առողջապահական նորանոր ակումբներ առաջարկում են մարմինը մարզելու և ամրապնդելու վարժանքներ, որոնց ժամանակ մարմինը գլխիվայր կախված է օդում։ Դա կոչվում է հակաձգողական յոգա:

Առաջին հայացքից սա ավելի ակրոբատիկայի է նման, քան յոգայի.

“Երբ առաջին անգամ տեսա գլխիվայր կախված մարդկանց, կարծեցի՝ նրանք խելագար են: Սակայն գլխիվայր օդում ճոճվելը իրականում զվարճալի է …”

Սակայն Մարի Բայսի խոսքերով՝ հակաձգողական յոգան ծանր աշխատանք է իր օգուտներով:

“Մեջքս ճկուն չէր և այս վարժություններն օգտակար էին մեջքիս համար”:


Մարզիչներից մեկը Հեդըր Բլեյրն է, ում խոսքերով գլխիվայր կախված լինելը շատ ավելի է օգնում մարմնին, քան սովորական յոգան :

“Եթե դուք ողնաշարի դեկոմպրեսիա ունեք, աոա կախված վիճակում ձեր ողերը, այսինքն՝ ողերի միջև հատվածը բնականորեն բացվում է”:

Քրիս Մայերհանսը զբաղվել է ավանդական յոգայով, եւ սա հակաձգողական յոգայի նրա առաջին դասն է:

“Ցանկանում եմ մեծացնել ճկունությունս: Երիտասարդ եմ, վազորդ, ուստի ոտքիս մկանները շատ պիրկ են”:

Մեկ տարի առաջ, երբ մարդիկ իմացան որ այստեղ հակաձգողական յոգայի դասեր են առաջարկվում, նրանք սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել յոգայի այս ձեւի հանդեպ:

“Հակաձգողական յոգան պիլատեսի համակցություն է. մի փոքր յոգա եւ օդային մարզարվեստ: Այն միայն յոգա չէ”:

“Կարող եք լինել մարզվածության ցանկացած փուլում, ցանկացած տարիքի: Բոլորը կարող են դասեր վերցնել”:

“Նույնիսկ մայրս կարող է հալաձգողական յոգայով զբաղվել”:

Պարող, պարուսույց և գիմնաստ Քրիստոֆեր Հարիսընը հակաձգողական յոգան ստեղծել է մարզիկների համար: Նա այն ձևափոխել եւ ուսուցանել է Միացյալ Նահանգներում երեք տարի առաջ: Այժմ մի քանի երկրների այդ թվում՝ Չինաստնի, Ինդոնեզիայի, Ռուսաստանի և Բրազիլիայի առողջապահության ակումբեր առաջարկում են հակաձգողական յոգա, :

Ձգվելու և ամրապնդելու վարժանքների համակցությունը ուսանողներին թույլ է տալիս այնպիսի շարժումներ կատարել, որոնք ավանդական յոգան չի սովորեցնում: Այն նաև բավական սրտանոթային մարզանք է ապահովում:

Հակաձգողական յոգա ստեղծող Քրիստոֆեր Հարիսոնի խոսքերով՝ դրա հիմքում ընկած է փիլիսոփայությունը:

“Յոգայի ուսուցումը զգոնության, մարմնի, մտքի և հոգու մարզանք է”:

Ինչպես ավանդական յոգայի դեպքում, ամեն դաս ավարտվում է մեդիտացիայով: