Մեքենայում տեղադրված ռումբի պայթյունը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խլել է 28 մարդու կյանք և վիրավորել 61 հոգու: Այն տեղի է ունեցել ռազմական կենտրոնակայանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ ռազմական ավտոբուսների շարասյուն-պարեկը անցել է ռումբով բեռնված մեքենայի մոտով:
Ոստիկանությունը հետաքննություն է վարում պարզելու պայթյունի հեղինակներին: Թուրքիայի կառավարությունից մի պաշտոնյա նշել է, որ հարձակումը լավ ծրագրված է եղել, սակայն իրենք դեռ չունեն այն իրականացնողների մասին հստակ տեղեկություն։ Ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։
Պաշտոնյան ասել է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն գրոհից հետո չեղյալ է հայտարարել իր այցելությունները Բրյուսել և Ադրբեջան: Կառավարությունը արգելափակել է պայթյունի վերաբերյալ տեսանյութերի տարածումը:
(( https://twitter.com/USEmbassyTurkey/status/700022356060872705))
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանություն իր թվիթերի կայքում ցավակցություն է հայտնել Թուրքիային ու զոհվածների հարազատներին։
Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավարեւելյան քրդաբնակ հատվածներում իրականացնում են ռազմական լայնածավալ գործողություններ ընդդեմ քուրդ ապստամբ խմբավորումների։
Թուրքիան ղեկավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Ջելիքը թվիթերով դատապարտել է ահաբեկչական գրոհը:
Անցյալ տարի Անկարան հայտնվել էր իր պատմության ընթացքում ահաբեկչական ամենածանր գրոհների հորձանուտում, որոնց արդյունքում ավելի քան 100 մարդ էր սպանվել, երբ քրդամետ ցույցը հարձակման էր ենթարկվել երկու ինքնասպան ահաբեկչի կողմից: Այդ գրոհի մեջ իշխանությունները մեղադրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: