Կայացել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենի հանդիպումը կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ

Կոնգրեսական Շերմանի հարցազրույցը լրագրողների հետ (արխիվային լուսանկար)

Այս շաբաթվա սկզբին Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հանդիպել է Կալիֆորնիա նահանգի դեմոկրատ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ։

Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակի մամուլի հաղորդագրության համաձայն, Արդունիի և կոնգրեսականի հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, ներառյալ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնությանը, անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ հռետորությանը, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը, ինչպես նաև այս տարի ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը վերաբերող հարցեր։

Կոնգրեսական Շերմանը կրկնել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին օժանդակություն տրամադրելու, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործին իր նվիրվածությունը։ Շերմանը հայտնել է նաև Սենատի Ռասել գրասենյակային շենքում ապրիլի 13-ի երեկոյան կայանալիք Հայցոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ընթացքում ելույթ ունենալու իր ծրագրերի մասին։

«Բարձր ենք գնահատում կոնգրեսական Շերմանի նվիրվածությունը ԱՄՆ-ի և Հայաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Արցախի հարաբերությունների հետագա ամրապնդմանը և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործին», - ասել է Արդունին։

«Ամերիկայի հայկական համագումարը հորդորում է բոլոր կոնգրեսականներին մասնակցել այս արարողությանը՝ դրանով իսկ նպաստելով Հայոց ցեղասպանության ճանաչմանը և նման հանցագործությունների կանխարգելմանը», - հավելել է Բրայան Արդունին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։