«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում այս տարվա ընթացքում կշարունակվեն բողոքի ցույցերն ու բռնություններն այն դեպքում, եթե տարածաշրջանի պետությունների ղեկավարները չապահովեն ժողովրդավարական կառավարում և մարդու իրավունքների պաշտպանություն:
Լոնդոնում երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում կազմակերպությունը նկարագրել է, թե ինչպես տարածաշրջանների պետությունների կառավարությունները 2011 թվականին ցանկացել էին դիմել ծայրահեղ բռնությունների՝ փորձելով դիմակայել խորը բարեփոխումներ իրականացնելու կոչերին:
Զեկույցում իրավապաշտպան կազմկակերպությունը կոչ է արել պահպանել Թունիսում բանջարեղեն վաճառողի ինքնահրկիզման դեպքից հետո բռնկված զանգվածային խռովությունների արդյունքում այս երկրում, ինչպես նաև Եգիպտոսում և Լիբիայում տեղի ունեցած հեղափոխությունների արդյունքները և չվերադառնալ բռնություններ իրականացնելու անցյալի պրակտիկային:
Զեկույցում նշվել է նաև, որ տարածաշրջանի այլ պետություններում, մասնավորապես Սիրիայում, կառավարությունը վճռական է «մնալ իշխանության ղեկին ցանկացած՝ նույնիսկ մարդու կյանքի և արժանապատվության գնով»:
Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտել է, որ Աֆրիկյան միության, Արաբական պետությունների լիգայի և Եվրոպական Միության նման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից տրված արձագանքը «միասնական չէր և չի համապատասխանել փոփոխություններ իրականացնելու դժվարությունների խորության»:
«Amnesty International»-ի զեկույցում այնուամենայնիվ նշվել է, թե «հասարակ մարդկանց կողմից 2012 թվականին իրենց արժանապատվության և արդարության համար պայքարը չդադարեցնելու վճռականությունը ոգևորիչ է»: