Բոստոնում պայթյուն իրականացրածներից մեկը ԿՀՎ-ի հնարավոր ահաբեկիչների ցուցակում էր

ԿՀՎ-ը Թամերլան Ցառնաևի անունը ցուցակում էր ընդգրկել այն բանից հետո, երբ վարչությանը դիմել էին Ռուսաստանի պետական մարմինները, որոնք կասկածներ ունեին Թամերլանի ծայրահեղական իսլամիստի վերածվելու մասին
ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, Բոստոնում մարաթոնի ժամանակ պայթյուն իրականացրած երկու եղբայրներից ավագը 2011 թվականի վերջին ներառվել էր ԿՀՎ-ի հնարավոր ահաբեկիչների ցուցակում:

ԿՀՎ-ը Թամերլան Ցառնաևի անունը ցուցակում էր ընդգրկել այն բանից հետո, երբ վարչությանը դիմել էին Ռուսաստանի պետական մարմինները, որոնք կասկածներ ունեին Թամերլանի ծայրահեղական իսլամիստի վերածվելու մասին:

Մոսկվան նման նախազգուշացում էր ներկայացրել նաև ՀԴԲ-ին՝ 2011 թվականի սկզբին: Պաշտոնյաների համաձայն, գործակալությունը հետաքննություն էր մեկնարկել, սակայն ավելի ուշ դադարեցրել էր այն՝ եզրակացնելով, որ կասկածյալը վտանգ չէր ներկայացնում:

ԱՄՆ-ի օրենսդիրները ապրիլի 15-ին Բոստոնում իրականացված զույգ պայթյուններից հետո մտահոգություն են արտահայտել այն հանգամանքով, թե ինչպես է իրականացվում տեղեկությունների բաշխումը հետախուզական գործակալությունների միջև: Սպասվում է, որ ռմբակոծության հետաքննության ընթացքը պաշտոնյաները կներկայացնեն ԱՄՆ-ի Սենատի կայանալիք համատեղ նիստի ընթացքում:

Այս ընթացքում ԱՄՆ-ի քննիչները հարցաքննել են Ռուսաստանի մաս կազմող Դաղստանի Հանրապետությունում գտնվող կասկածյալների ծնողներին՝ որոշելու համար, արդյոք Թամերլան Ցառնաևը կապ էր հաստատել իսլամիստ ծայրահեղականների հետ 2012 թվականին Ռուսաստան կատարած իր այցը ժամանակ: