Ադրբեջանի նախագահը հայկական կողմի մեկնաբանություններն անվանում է ՝՝անհեթեթ՛՛

՝՝Հայաստանը հույս ուներ, որ Թուրքիայի հետ սահմանները կբացվեին եւ Ղարաբաղյան հարցը կդրվեր մի կողմ, սակայն կյանքը եւ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը ցույց տվեցին, որ սին են հայերի բոլոր ծրագրերը՛՛, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ելույթ ունենալով Ադրբեջանի անկախության տարեդարձի կապակցությամբ՝ Ալիեւն ասել է, թե իրենք անխոնջ կերպով են աշխատում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ ու ցուցաբերում սկզբունքային դիրքորոշում։ ՝՝Մեր սկզբունքներից մենք երբեք որեւէ հետադարձ քայլ չենք արել, քանի որ դրանք հենված են միջազգային իրավական նորմերի, բանաձեւերի ու որոշումների վրա՝՝, ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ասել է Ալիեւը։

Նրա խոսքերով, Ադրբեջանը կիրառել է իր բոլոր կարողությունները՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ։ ՝՝Սակայն հակառակ կողմի դիրքորոշումը հենված է պատրանքների վրա՛՛, ասել է նա։

Նա հայտարարել է, թե Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքները պիտի ՝՝ազատագրվեն՛՛, ադրբեջանցի բոլոր փախստականները պիտի վերադառնան ՝՝իրենց հայրենի հողերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, որից հետո հայ եւ ադրբեջանական համայնքներն այնտեղ պիտի ապրեն բարձր ինքնավարության պայմաններում՛՛։

Իլհամ Ալիեւը նշել է, որ այս խնդրում Ադրբեջանի դիքորոշմանն աջակցում են Մահմեդական վեհաժողով կազմակերպությունը, Եւրոպական Միությունը, որոնց կայացրած որոշումները, ըստ նրա, Հայաստանին դրել են ծանր դրության մեջ։ ՝՝Ու եթե այդպես չլիներ, Եւրախորհրդարանի բանաձեւի մասին Հայաստանի պաշտոնատար անձինք հանդես չէին գա նման անհեթեթ ու անհիմն մեկնաբանություններով՛՛, ասել է Ալիեւը։ Նա ասել է, թե Հայաստանն այժմ հայտնվել է ՝՝շատ հիստերիկ դրության՛՛ մեջ եւ ունի այդ դրությունից դուրս գալու համար կոնկրետ քայլերի դիմելու կարիք։

Ադրբեջանի նախագահը մեկ անգամ եւս խոսել է հարցը երկրի զինված ուժերի միջոցով ՝՝հաջողությամբ ու կարճ ժամանակում՛՛ լուծելու հնարավորության մասին ու ավելացրել, որ իրենք ունեն այդ քայլին դիմելու բավարար հիմք։