Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Կուբա կատարած իր այցի ընթացքում քննադատել և «անկում ապրող համակարգ» է անվանել կապիտալիզմը:
Նախագահ Ահմադինեջադը, հանդես գալով Կուբայում չորեքշաբթի օրը, ասել է, թե «կապիտալիզմը փակուղու մեջ է», իսկ կապիտալիստները «տրամաբանության պակասի դեպքում դիմում են զենքի՝ սպանություններ իրականացնելու և ավերածություններ տարածելու համար»:
Այս հայտարարությամբ Իրանի նախագահը հանդես է եկել Հավանայի համալսարան իր կատարած այցի ընթացքում, որտեղ իրեն պատվո կոչում է շնորհվել:
Իրանի նախագահի Կուբա այցելությունը կատարվել է Լատինական Ամերիկայի չորս պետություն կատարվող իր այցի շրջանակներում: Ահմադինեջադն արդեն իսկ այցելել է Վենեսուելա և Նիկարագուա, որտեղ մասնակցել է նախագահ Դանիել Օրտեգայի պաշտոնի հանդիսավոր ստանձնման արարողությանը:
Միացյալ Նահանգները կոչ է արել լատինաամերիկյան պետություններին չխորացնել Իրանի հետ հարաբերությունները՝ «Իրանի համար հուսահատության նշան» անվանելով նախագահ Ահմադինեջադի կողմից կատարվող այցը:
ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից արված հայտարարության համաձայն, «Իրանը, որին չափազանց անհրաժեշտ է կողմնակիցներ գտնել, անընդհատ նոր դաշնակիցների որոնման մեջ է գտնվում»: