Չորեքշաբթի Քաբուլում անկարգություններ էին, շիա փոքրամասնությունից հազարաների ամբոխը բողոքում էր «Իսլամական պետություն» խմբավորման կողմից համայնքի 7 քաղաքացիական անդամների, այդ թվում՝ երկու կնոջ և մի երիտասարդ աղջնակի գլխատման ու հատկապես իշխանությունների անգործության դեմ: Կառավարական ուժերը անշունչ մարմինները գտել էին կիրակի օրը՝ հարավային Զաբուլ նահանգում:
Բռնությունները խլրտում են առաջ բերել ամբողջ Աֆղանստանում՝ զանգվածային բողոքների առիթ հանդիսանալով: Ցուցարարները կրում էին դագաղներ և անցնում Քաբուլի փողոցներով, չնայած հորդառատ անձրևին և ցուրտ եղանակին, և ի վերջո հավաքվեցին նախագահական պալատի առջև: Ցույցի մասնակիցները վանկարկում էին հակակառավարական կոչեր ու պահանջում նախագահ Աշրաֆ Ղանիի և գործադիր ղեկավար Աբդուլահ Աբդուլահի հրաժարականը: Ցուցարարները միասնական կառավարությանը մեղադրում են Աֆղանստանում խաղաղություն հաստատելու գործը ձախողելու և զոհերին փրկելու համար բավարար քայլեր չձեռնարկելու մեջ:
Բողոքի ցույցին մասնակցում էին ուսանողներ: Նրանք նշում են, որ գրեթե ամեն օր մարդկանց սպանում են երկրով մեկ: Ուսանողները Ղանիից ու Աբդուլահից պահանջում են վրեժխնդիր լինել իրենց մարտիրոսների համար և վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը, որպեսզի երիտասարդ աֆղանստանցիները չլքեն երկիրը:
Աֆղանստանի անվտանգության ծառայությունները նախազգուշցնող կրակ են բացել բարկացած ամբոխին ցրելու համար, երբ նրանցից ոմանք փորձել են գրոհել նախագահական պալատը Քաբուլում:
Ավելի ուշ երկրով մեկ հեռարձակված իր խոսքում Ղանին հանգստության կոչ արեց և հավաստիացրեց, որ հատուկ հետաքննություն է իրականացվում՝ մարդասպաններին արդարադատության առջև կանգնեցնելու համար: Ղանին ասել է, որ ցանկանում է խաղաղություն հաստատել ու զարգացում ապահովել Աֆղանստանում և որ բոլորը պետք է ազգային միասնություն ցուցաբերեն թշնամուն պարտության մատնելու և երկիրը մասնատելու փորձերը տապալելու համար:
Ոմանք գլխատումների համար մեղադրում են Թալիբանին։ Այդ կազմակերպության խոսնակ Զաբիհուլահ Մուջահիդը , «Ամերիկայի Ձայնին» հայտնել է, որ մահմեդական ապստամբությունը, ոչ մի կապ չունի սպանությունների հետ: Ըստ Մուջահիդի՝ Թալիբանի մարտիկները քայլեր են ձեռնարկել վերացնելու «Իսլամական պետություն» խմբավորման այն զինյալներին, ովքեր, ըստ իրենց տեղեկությունների, պատասխանատու են միջադեպի համար։ Սակայն Թալիբանի այս պնդումը դժվար է հաստատել անկախ աղբյուրներով:
Գլխատումները, ներառյալ 9 ամյա աղջնակը ում գլխատել էին մետաղալարով՝ մտահոգություններ է առաջացրել, որ կրոնական բռնությունները, որոնք թիրախավորել են հազարաներին և երկարամյա պատմություն ունեն Պակիստանում, կարող են տարածվել նաև Աֆղանստանի վրա:
Շատերը Աֆղանստանում, ներառյալ բարձրաստիճան կառավարական պաշտոնյաները, մտավախություն ունեն, որ այս տարի ծայրահեղականների դեմ Պակիստանի իրականացրած ռազմական գործողություններից հետո որոշ ծայրահեղական խմբեր Պակիստանից դուրս են մղվել դեպի Աֆղանստան: