Աֆղանստանում թալիբները խոստացել են գարնանային գրոհ սկսել

Աֆղանստանում թալիբները խոստացել են գարնանային գրոհ սկսել

Թալիբները խոստացել են Աֆղանստանում գարնանային գրոհ սկսել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինված ուժերի դեմ։ Զինյալների խմբավորման կողմից տարածված հաղորդագրության համաձայն, գրոհը մեկնարկելու է կիրակի օրը, սակայն չի նշվել, թե որքան է տևելու։

Հաղորդագրության համաձայն, հարձակման թիրախ են դառնալու ռազմակայանները և շարասյունները, ինչպես նաև Աֆղանստանի պաշտոնյաներ, ներառյալ այս երկրի խաղաղության խորհրդի անդամներ։

Զինյալները հորդորել են Աֆղանստանի քաղաքացիներին հեռու մնալ դաշնակիցների ուժերի մոտ կուտակումներից և չմասնակցել նրանց կողմից իրականացվող գործողություններին։

Թալիբների համաձայն, հարձակումներն ակտիվանալու են՝ մահմեդականությունն ու մահմեդական արժեքները պաշտպանելու նպատակով։

Այս հաղորդագրությունից մեկ օր առաջ Աֆղանստանում դաշնակիցների ուժերի բարձրաստիճան ղեկավարները և արևմտյան պետությունների դիվանագետները նախազգուշացրել են զինյալների հարձակումների ակտիվացման հնարավորության մասին։