Աֆղանստանում կիրակի օրը տեղի են ունեցել բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ահաբեկչական մի շարք հարձակումներ։
Թալիբներն անցյալ շաբաթ խոստացել էին գարնանային գրոհ սկսել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինված ուժերի դեմ: Հայտարարված գրոհի առաջին օրը երկրով մեկ տեղի ունեցած բռնությունների պատճառով զոհվել է ութ, վնասվածքներ ստացել՝ մեկ տասնյակից ավել մարդ։
Աֆղանստանի իշխանությունների համաձայն, հարձակումներից մեկի ընթացքում 12-ամյա մահապարտի ռումբի պայթյունից զոհվել է չորս, վնասվածքներ ստացել՝ 12 մարդ։
Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան հորդորեր է Աֆղանստանի և դաշնակիցների զինյալ ուժերին բարելավել օդային հարձակումների և գիշերային գրոհների թիրախավորման գործընթացը։
Թալիբների համաձայն, իրենց հարձակումների թիրախ են դառնալու ռազմակայանները և շարասյունները, ինչպես նաև Աֆղանստանի պաշտոնյաներ, ներառյալ այս երկրի խաղաղության խորհրդի անդամները։
Զինյալները հորդորել են Աֆղանստանի քաղաքացիներին հեռու մնալ դաշնակիցների ուժերի կուտակումներից և չմասնակցել նրանց կողմից իրականացվող գործողություններին։