Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի խոսնակի համաձայն, նախագահը կարգադրել է, որպեսզի անվտանգություն ապահովող ընկերությունները չորս ամսվա ըթնացքում դադարեցնեն երկրում իրականացվող գործունեությունը:
Նախագահի խոսնակ Վահիդ Օմարը լրագրողներին հայտնել է, որ նախագահ Քարզայը հստակ վերջնաժամկետի մասին կհայտնի երկուշաբթի օրվա վերջում:
Աֆղանստանում գործում է անվտանգություն ապահովող ավելի քան 50 միջազգային և աֆղանական ընկերություն: Այդ ընկերություններում աշխատում է մոտ 30000 մարդ:
Նախագահ Քարզայի համաձայն, այդ ընկերությունները խաթարում են Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատանքը` ստեղծելով անվտանգության ապահովման զուգահեռ գործող համակարգ:
Նախագահի խոսնակ Վահիդ Օմարն ասել է, որ անվտանգություն ապահովող ընկերությունների ավելի խիստ կարգավորումը չի լուծելու ընկերությունների առկայությամբ և «դրանց գործելակերպով» ստեղծված խնդիրները:
ՆԱՏՕ-ի պաշտոնյաների համաձայն, անվտանգություն ապահովող ընկերությունների գործունեությունը դադարեցնելը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Աֆղանստանի բանակը և ոստիկանությունը ունակ լինեն ապահովելու այդ ընկերությունների կողմից ապահովվող անվտանգության մակարդակը` ներառյալ պաշտոնյաների, զորքերի և մատակարարման անվտանգությունը: