«Սիրիայի ապստամբները Թուրքիայի հետ սահմանամերձ քաղաք են գրավել»

Հարեմ քաղաքը գրավելու արդյունքում ընդլայնվել է ապստամբների վերահսկողությունը Թուրքիայի սահմանին հարող հյուսիսային տարածքների նկատմամբ
Սիրիայի ակտիվիստները հայտնել են մի քանի շաբաթ տևած պաշարումից հետո Թուրքիայի հետ սահմանամերձ մի քաղաքից կառավարական զինծառայողների վտարման և քաղաքը գրավելու մասին:

Ակտիվիստների համաձայն, ապստամբները երեքշաբթի առավոտյան գրավել են Իդլիբ նահանգի Հարեմ քաղաքում գտնվող կառավարական ուժերի վերջին ռազմակայանը, ինչի արդյունքում ընդլայնվել է ապստամբների վերահսկողությունը Թուրքիայի սահմանին հարող հյուսիսային տարածքների նկատմամբ:

Ապստամբների կողմից քաղաքը գրավելու մասին լուրերն անհնար էր ենթարկել անկախ հաստատման, քանի որ Սիրիայում կիրառվում են սահմանափակումներ օտարերկրյա լրագրողների գործունեության նկատմամբ:

Խաղաղության միջազգային հանձնակատար Լախդար Բրահիմին երեքշաբթի օրը շարունակել է Դամասկոս կատարվող իր այցելությունը, որի ընթացքում հանձնակատարը հանդիպում է ունեցել ընդդիմադիր այն կազմակերպությունների հետ, որոնց գոյությանը նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը հանդուրժողական է վերաբերվում:

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու հանձնառությունը ստանձնած ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Բրահիմին նախագահ Բաշար ալ-Ասադի հետ նախօրեին ունեցած հանդիպումից հետո ասել է, թե երկրում իրավիճակը դեռևս «անհանգստացնող» է մնում:

Նախագահ Ասադի հետ հանդիպումից հետ լրագրողների հետ ունեցած կարճատև ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը նշել է, թե հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել: