Վիրջինիա նահանգի հարցախույզների համաձայն Օբաման առաջատար տեղ է զբաղեցնում

1964թ. ի վեր ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգը միշտ քվեարկել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի օգտին: Սակայն այս տարի այն կարող է քվեարկել դեմոկրատ թեկնածուի օգտին: Վիրջինիա նահանգում անցկացված վերջին հարցախույզների համաձայն` դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման 6-ից 8 տոկոսով առաջ է Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մքքեյնից: Յոթ միլիոն բնակչություն ունեցող այս նահանգն իր մեծությամբ 12րդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ում: Այս նահանգում հաղթանակը կարող է հանգեցնել թեկնածուի հաղթանակին:

Գավառական Վիրջինիայում Քրիստոնեական ուղղվածություն ունեցող պահպանողական Լիբերթի համալսարանում ուսանողները հավաքվում են համալսարանին կից մատուռում` երգելու, աղոթելու և ընտրություններին մասնակցությունը քննարկելու նպատակով:

Այստեղ շուրջ տաս հազարից ավել ուսանողներ գրանցված են որպես Վիրջինիա նահանգի քվեարկողներ: Նրանցից շատերը հույս ունեն, որ իրենց ձայները կօգնեն պահպանել Վիրջինիայի պահպանողական և հանրապետականամետ համբավը: Առաջատար ուսանողներ Սարա Բլանզիի և Մեթյու Մալիքն ասում են, որ սենատոր Մքքեյնի թեկնածությունը պաշտպանում են մեծամասամբ արհեստական վիժումների հարցում վերջինիս դիրքորոշման համար:

"Ինձ համար շատ կարևոր է մարդկային կյանքի սրբությունը: Ես կտրականապես դեմ եմ արհեստական վիժումներին”, ասում է Սարա Բլենզին:

Մեթյու Մալիքն ասում է. "Իմ ձայնը հիմնականում պայմանավորված է այս երկրում արհեստական վիժումների խնդրով: Վերջին 35 տարիների ընթացքում մենք 48 միլիոն երեխայի կյանք ենք խլել”:

Սակայն Վիրջինիայի մայրաքաղաք Ռիչմոնդում “Լատինական ծագում ունեցողներն Օբամայի օգտին” խբմի կազմակերպած միջոցառման երաժշտությունից զգացվում է առավել բազմազան և քաղաքային բնակչության ազդեցությունը: Աիդա Պաչեկոն ներկայացնում է Կենտրոնական Վիրջինիայի Պալանտե համայնքային խումբը, որի անունը նշանակում է “դեպի առաջ”:

Նա ասում է, որ Հանրապետականների հակաիմիգրացիոն քաղաքականությունը վանել է լատինական ծագում ունեցող շատ համայնքների:

"Մենք շատ ընկերներ ունենք, ովքեր իմիգրանտներ են, բայց այստեղ են ապրում և աշխատում արդեն երկար տարիներ` մեծ ներդրում ունենալով մեր տնտեսության մեջ”, ասում է Աիդա Պաչեկոն:

Սովորական ընտրական տարում սրանք կարևոր խնդիրներ կհամարվեին, սակայն Վիրջինիայի համալսարանի Քաղաքականության կենտրոնից պրոֆեսոր Լերի Սաբատոյի կարծիքով սա սովորական տարի չէ. "Կարծում եմ յուրաքանչյուր ամերիկացու համար հիմնական խնդիրը տնտեսությունն է: Կարծես բոլորին միայն այդ խնդիրն է մտահոգում: Այսպիսով, պետք է սկսել տնտեսությունից և այնուհետև անդրադառնալ այլ խնդիրների` իմիգրացիային, Իրաքի պատերազմին և առողջապահությանը”:

Սաբատոն ասում է, որ միակ շրջանը, որտեղ Իրաքի պատերազմի հարցը կարող է առավել առաջնային համարվել, քան տնտեսությունը, Վիրջինիայի ափամերձ հատվածն է, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի խոշորագույն ռազմական բազաները:

Վիրջինիայի համալսարանին Պրոֆեսոր Լերի Սաբատոն ասում է. "Ընդհանուր առմամբ դա կարող է օգնել Ջոն Մքքեյնին, քանի որ Վիրջինիայի բնակչության 17 տոկոսը ռազմական վետերաններ են: Նրանք մեծամասամբ պահպանողական հայացքների տեր մարդիկ են և մեծ նշանակություն են տալիս Մքքեյնի` Վիետնամի տարիների ծառայությանը և նրա հետագա քայլերին, ինչը շատ նպաստավոր է նրա համար”:

Վետերան Ջորջ Ռեյնոլդսն այս առումով ասում է. "Տնտեսությունը մեծ խնդիր է, բայց մեր զորամիավորներին աջակցությունը, ինչպես նաև պատարազմում մեր հաղթանակը շատ կարևոր են: Չենք կարող պարզապես լքել և մեր հետքերն այնտեղ թողնել”:

Մինչդեռ Լայլ Փրեդմորն ասում է, որ ոչ բոլոր բանակայիններն են սատարում Հանրապետական կուսակցությանը և ներկայիս ռազմավարությանը:

Վետերան Լայլ Փրեմոդն ասում է. "Իհարկե, որպես բանակայիններ, մենք մտահոգված ենք Իրաքի և Աֆղանստանի խնդիրներով: Ինձ շատ է մտահոգում Իրաքի խնդիրը, և ես կարծում եմ, որ մենք ի սկզբանե չպետք է ներգրավվեինք: Իսկ այժմ պետք է հասկանանք, թե ինչպես ավարտենք մեր առաքելությունը”:

Հաշվի առնելով այս նահանգում երկու թեկնածուների միջև բարձր մրցակցությունը` Բարաք Օբաման և Ջոն Մքքեյնը շատ ժամանակ և դրամական ռեսուրսներ են հատկացրել այս նահանգում ընտրարշավի համար: Անկախ այն հանգամանքից, թե ով կհաղթի նոյեմբերին, պրոֆեսոր Սաբատոյի կարծիքով հանարապետականներն այլևս չեն կարող մշտապես հույս դնել այս նահանգում իրենց հաղթանակի վրա: