ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության հսկաները 34 միլիարդ դոլարին համարժեք աջակցություն են խնդրում դաշնային կառավարությունից

Ջեներալ Մոթորս, Ֆորդ և Քրայսլեր ընկերույթունների ղեկավարները կրկին անգամ վերադարձել են Վաշինգտոն` ֆինանսական խնդիրների առջև կանգնած ավտոարդյունաբերության համար աջակցություն խնդրելու նպատակով: Նրանք պնդում են, որ Դետրոյդի այսպես կոչված “Մեծ եռյակի” գործունեության շարունակման համար միլիոններ են անհրաժեշտ: Երկու շաբաթ առաջ նրանք նման առաջարկով էին հանդես եկել, սակայն այն փաստը, որ ֆինանսների սղության պարագայում նրանք Վաշինգտոն էին ժամանել սեփական ինքնթիռներով, խիստ քննադատության էր արժանացել:

Այս անգամ Ֆորդի, Քրայսլերի և Ջեներալ Մոթորս ընկերության գործադիր տնօրենները եկել էին ոչ թե սեփական ինքնաթիռներով, այլ Դետրոյդից Վաշինգտոն ընկած 850 կմ ճանապարհն անցել էին հիբրիդ մեքենաներով:

Նախքան Կոնգերսում վկայություն տալը Ջի-Էմ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիք Վագոներն ընդունել է, որ սխալներ են թույլ տրվել` միևնույն ժամանակ նշելով, որ ավտոարդյունաբերությունը խիստ խնդիրների առջև է կանգնած. "Ցավում եմ, որ ստիպված ենք աջակցություն խնդրել: Կցանկանայինք, որ շուկան շատ ավելի լավ վիճակում լիներ, և մենք ստիպված չլինեինք այս քայլին դիմել”: Վաճառքի կտրուկ անկման և փոխառությունների շուկայի սահմանափակման պայմաններում ԱՄՆ-ի ավտոարդյունաբերական ընկերությունները փորձում են Սենատի Բանկային հարցերի կոմիտեին համոզել 34 միլիարդ դոլարին համարժեք ճգնաժամային օգնություն հատկացնել:

Արհմիությունների ղեկավարներն ասում են, որ վտանգված է մինչև երեք միլիոն աշխատատեղ: Ավտոարդունաբերության աշխատողների միության նախագահ Ռոն Գեթերֆինգերն ասում է, որ աջակցության բացակայության դեպքում Ջեներալ Մոթորսը և Քրայսլերը կսննկանան մինչև տարեվերջ. "Այս ընկերությունների անկումը անխուսափելիորեն կհանգեցնի ավտոմասերի առաքման բազմաթիվ ընկերությունների անկմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Ֆորդի սննկացմանը”: Մինչ Քրայսլերը յոթ միլիարդ է խդնրել իր գործունեությունը շարունակելու համար, Ջի-Էմ-ը ներկայացրել է 12 միլիար դոլարին համարժեք փոխառություն և վարկային բավականին բարձր սահմանաչափ:

Ֆորդի գործադիր տնօրեն Ալեն Մուլալին նշել է, որ իր ընկերությունն իր մրցակիցների համեմատ առավել լավ վիճակում է, սակայն ամեն դեպքում դաշնային կառավարությունից հնարավոր փոխառությունների երաշխիք է պահանջել. "Մասնավորապես, Ֆորդը ինը միլիարդ դոլարի վարկային երաշխիք է պահանջելը, ինչի օգտագործման կարիքը, հուսով ենք, չենք ունենա”: Չնայած օրենսդիրները չեն ցանկանում հարկատուների գումարները հատկացնել ֆինանսական աջակցության մեկ այլ փաթեթի, Բանկային կոմիտեի նախագահող Քրիսթոֆեր Դոդը նշել է, որ հետզհետե բոլորն էլ համաձայնում են, որ ոչինչ չանելու դեպքում ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է վատթարանալ. "Գործողությունների բացակայությունը լուծում չէ: Դա միայն կնպաստի տնտեսության նկատմամբ անհստակության և անկայունության մթնոլորտի խորացմանը”:

Օրենսդիրները պնդում են, որ աջակցության ցանկացած ծրագրին զուգահեռ պետք է ծախսերի խիստ վերահսկման մեծանիզմ գործադրվի:

Երեք ընկերությունների ղեկավարները որոշել են իրենց տարեկան աշխատավարձը դարձնել մեկ դոլար` ի ցույց խնդրի և իրենց մտադրությունների լրջության:

Ավտոարդյունաբերության որոշ աշխատակիցներ ասում են, որ դա ամենաքիչն է, ինչ նրանք կարող են անել: "Նրանք պետք է այդպես վարվեին, որովհետև դա է ճիշտ վարվելակերպը: Սակայն, դժվար չէ նման զոհաբերություն ենել, երբ վերջին երկու տարիների ընթացքում առնվազն 25 միլիոն դոլար եկամուտ են ունեցել տարեկան”, նշել է Ջի-Էմի աշխատակիցներից մեկը:Ուրբաթ օրը շարունակվում են Սենատի լսումները: