ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը կողմնակից են Իրանի նկատմամբ ուժեղացված ճնշում գործադրելուն

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը համաձայնության են եկել առավել ուժեղացված ճնշում գործադրել Իրանի նկատմամբ: Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի և Եվրոպական Միության առաջնորդների միջև բանակցությունների ժամանակ քննարկված բազմաթիվ խնդիրների թվում էր նաև Իրանի միջուկային ծրագիրը:

Նախագահ Բուշն ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է համատեղ ջանքեր գործադրեն` միջուկային զենքեր մշակելու Իրանի ծրագրերին խոչընդոտելու նպատակով: “Մի պետությունը չի կարող բոլոր խնդիրները լուծել: Ես միանգամայն համաձայն եմ դրան: Սակայն պետությունների մի աբմողջ խումբ կարող է հստակ ուղերձ ուղղել Իրանին: Այն է` մենք շարունակելու ենք մեկուսացնել ձեզ, մենք շարունակելու ենք պատժամիջոցներ կիրառել, անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներ ևս կկիրառվեն, եթե դուք շարունակեք մերժել ազատ աշխարհի արդարացի պահանջները,” ասել է նախագահ Բուշը:

ԱՄՆ-ի և Եվրոպական Միության առաջնորդների համաժողովի հաղորդագրությունում նշվում է, որ նոր տնտեսական պատժամիջոցներ են սպասվում, եթե Իրանը հրաժարվի վերջ դնել ուրանի հարստացման իր ծրագրերին: Նախագահ Բուշն ասել է, որ միջուկային զենքերով զինված Իրանը վտանգավոր կլինի` ընդգծելով, որ պաշտոնական Թեհրանը կանգնած է կարևոր ընտրության առջև: “Նրանք կամ պետք է մեկուսացման ենթարկվեն, կամ էլ` կարող են բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեզ հետ, եթե հստակ կերպով հրաժարվեն իրենց միջուկային հարստացման ծրագրից:”

Համաժողովի ընթացքում ևս մեկ կարևոր խնդրի քննարկումներում առաջընթաց չի գրանցվել, այն է` կլիմայական փոփոխությունները: Բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նախագահ Բուշը վերահաստատել է, որ համաձայն չէ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գազերի արտանետումների պարտադիր սահմանափակումներ գործադրելու գաղափարին: Այնուհանդերձ, նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ընդհանուր ռազմավարություն որդեգրել: “Կարծում եմ` իմ նախագահության օրոք մենք իսկապես կարող ենք ընդհանուր համաձայնության գալ գլոբալ կլիմայական փոփոխությունների խնդրի շուրջ,” ասել է նախագահ Բուշը:

Եվրոպական խորհրդի նախագահությունը ներկայումս ստանձնած Սլովենիայի վարչապետը համաժողովին ներկայացնում էր Եվրոպական Միության 27 անդամ պետություններին:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բառոսոն նույնպես մասնակցել է հանդիպումներին: Նա կարևորել է այն փաստը, որ համաժողովը տեղի է ունեցել համեմատաբար երիտասարդ ժողովրդավարական պետությունում: Սառը պատերազմից հետո այդ պետությունը զարգացել է` արժանանալով Եվրոպական Միությունում անդամակցության: “Իսկ այժմ մեր սահմանները ձգվում են Ատլանտյան օվկիանոսից մինչև Սև ծով, Միջերկրական ծովից մինչև Բալթիկ ծովը` միոավորելով խաղաղ ապրող ժողովրդավարական պետությունների մի ամբողջություն:”

Չորսժամյա համաժողովի օրակարգը բավականին ծավալուն էր: Քննարկման առարկա էին Միջին Արևելքի հակամարտության խնդիրներից սկսած մինչև ամերիկյան հավամսի համար եվրոպական շուկայի մատչելիության շուրջ տրանսատլանտյան անհամաձայնության հանգուցալուծումը:

Անվտանգության խնդիրների քննարկման ժամանակ ընդհանուր եզրեր են արձանագրվել, այն է` Չինաստանին հորդորել Տիբետի վերաբերյալ արգասավոր բանակցություններ վարել Դալայ Լամայի ներկայացուցիչների հետ:

Կողմերը նաև հորդորել են Զիմբաբվեի կառավարությանը զերծ մնալ բռնություններից և երաշխավորել ազատ և անկախ նախագահական ընտրություններ հունիսի 27-ին նախատեսված երկրորդ փուլի ժամանակ:

Համաժողովը տեղի է ունեցել Լյուբլյանայի մերձակա դղյակներից մեկում: Այդ նույն վայրում 2001թ. հունիսին նախագահ Բուշն իր առաջին հանդիպումն է ունեցել այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նշել էր, որ նայելով նախագահ Պուտինի աչքրի մեջ, ընկալելել էր նրա հոգին:

Համաժողովի փակումից հետո նախագահ Բուշը հիշատակել է. “Որպես ԱՄՆ-նախագահ Եվրոպա կատարած իմ առաջին այցելության առաջին կանգառը Սլովենիան էր: Որպես ԱՄՆ նախագահ Եվրոպա կատարած իմ վերջին այցելության առաջին կանգառը նույնպես Սլովենիան է:”

Նախագահ Բուշը Սլովենիայից կուղևորվի Արևմտյան Եվրոպայի գլխավոր դաշանիցներ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա: