Թուրքիայի հարկային իշխանությունները մոտ կես միլիարդ դոլարին համարժեք տույժ են ներկայացրել երկրի ամենախոշոր լրատվական «Դոգան Յային» ընկերությանը: Ընկերության ղեկավարության կարծիքով, տույժի նպատակն է վերջ դնել քննադատական լրատվությանը:
Որոշ վերլուծաբաններ ասում են, որ տույժը անհամաչափ է տեղ գտած խախտումների համեմատությամբ: Ընկերության թերթերից մեկի քաղաքական վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը համոզված է, որ տույժը վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի պատասխանն է իր մասին հետզհետե առավել քննադատական լուսաբանմանը:
«Ի սկզբանե մեր ընկերությունն էական աջակցություն է ցուցաբերել վարչապետին, սակայն գլխաշորերի խնդրի առարկայացումից հետո մենք փոխել ենք մեր դիրքորոշումը: Մենք գիտակցեցինք, որ նա հետզհետե առավել վտանգավոր է դառնում համակարգի համար, այնուհետև նա փոխեց իր մոտեցումը և մեր նկատմամբ: Սա լուրջ պայքար է, բայց մենք չգիտենք թե ինչպիսի ավարտ այն կունենա», ասել է նա:
Հարկային տեսչությունն սկսել է հետևել ընկերության գործունեությանն այն բանից հետո, երբ ընկերությանը պատկանող թերթերում տպագրվել են Գերմանիայում ընթացող դատավարության մանրամասները, որոնք վերաբերում էին մահմեդական բարեգործական մի կազմակերպության կողմից իրականացված կեղծիքներին: Դատավարությունից բացահայտվել է, որ վարչապետին մոտ կանգնած առաջատար թուրք պաշտոնյաներ ներգրավված են այդ հանցանքում:
Այդ բացահայտումներից հետո վարչապետ Էրդողանը խոսքերով պատերազմ է սկսել ընկերության սեփականատեր Այդին Դողանի հետ և բոյկոտ է հայտարարել ընկերության թերթերին:
Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Նյուրթին Չանիկլին հերքել է այն հանգամանքը, որ հարկային տույժը քաղաքական շարժառիթներ ունի` ասելով, որ վարչապետի կամ կառավարության կողմից որևէ միջամտում չի եղել, և որ հարկային իշխանությունները ամբողջովին անկախ են քաղաքական միջամտություններից:
Սակայն նման հայտրարություններին թերահավատորեն են վերաբերվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ` միջազգային ասպարեզում: Առաջին անգամ չէ, որ կառավարությանը քննադատող լրատվական ընկերությունը դժվարությունների առաջ է կանգնում: Հարկային իշխանությունների կողմից հետաքննության առարկա է նաև մեկ այլ առաջատար ընդդիմադիր թերթ: Մինչդեռ ներկա իրավիճակին քննադատաբար վերաբերվող անձինք նշում են, որ իշխանամետ որևէ լրատվական ընկերություն նման խստագույն ստուգման չի արժանացել:
Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումների շուրջ մտահոգություններն անհանգստացնում նաև Եվրոպական Միությանը, որին ձգտում է միանալ Թուրքիան: