Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դատարանից հետ է վերցրել նախագահական ընտրություններում իր մրցակցի հաղթանակը բողոքարկող դիմումը:
Նախորդ օրը վարչապետը Կիեվի դատարանին հորդորել էր աչալուրջ լինել Ուկրաինայի նախագահական ընտրությունների եզրափակիչին առնչվող վկայությունների առնչությամբ: Վարչապետի պնդմամբ` ընտրությունները կեղծված էին:
Տիմոշենկոն հայտնել էր, որ կընդունի դատարանի ցանկացած որոշում, եթե փետրվարի 7-ի ընտրություններին վերաբերող բոլոր վկայությունները մանրամասն ուսումնասիրվեն: Վարչապետի կողմից շաբաթ օրը հրապարակված հայտարարությամբ ակնհայտորեն վերանում են ընտրված նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու խոչընդոտները:
Յանուկովիչն ավելի քան 3.5 տոկոսի առավելությամբ էր հաղթել վարչապետ Տիմոշենկոյին:
Տիմոշենկոն հայտարարել էր, որ զանգվածային ընտրախախտումները կասկածի տակ են դնում միլիոնավոր քվեներ, որոնք կարող էին ազդել արդյունքի վրա: Եվրոպացի դիտորդների հավաստմամբ` Ուկրաինայի ընտրություններն ընդհանուր առմամբ ազատ էին և արդար:
Տիմոշենկոն 2004թ. նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքների հիմնական ղեկավարներից էր: Այն ժամանակ սկզբնապես հաղթող էր ճանաչվել Յանուկովիչը, սակայն զանգվածային բողոքների արդյունքում անցկացված նոր ընտրություններում հաղթեց Վիկտոր Յուշչենկոն: