Սենատի Առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով հանձնաժողովը հաստատել է առողջապահական բարեփոխումների մասին օրինագիծը

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի սենատի Առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով հանձնաժողովը հաստատել է առողջապահական բարեփոխումների Սենատում շրջանառվող օրինագիծը: Ներկայացուցիչների պալատում նույնպես առողջապահական բարեփոխումների նախագիծ է շրջանառության մեջ դրվել: Երկու նախագծերն էլ նախատեսում են առողջապահական ապահովագրության համակարգի ընդլայնում:

ԱՄՆ-ի սենատի առողջապահական հարցերով հանձնաժողովն առաջին քայլն է արել երկրի առողջապահական համակարգի բարեփոխումներին ընդառաջ:

Այն ընդունել է դեմոկրատ սենատոր Քրիստոֆեր Դոդի նախաձեռնած օրինագիծը:

“Այս օրինագիծը կօգնի առողջապահական համակարգն առավել մատչելի դարձնել, կնվազեցնի մարդկանցից գանձվող գումարները և կբարելավի ծառայությունների որակը”, նշել է սենատորը:

Մատչելի առողջապահության մասին օրենքը գործատուների մեծ մասից կպահանջի հոգալ աշխատողների առողջապահական ապահովագրության ծախսերը:

Սակայն Հանրապետական կուսակցությունից սենատոր Մայքլ Էնզին զգուշացնում է, որ օրինագիծն ավելի վնաս կբերի, քան` օգուտ:

“Սա չափազանց լիբերալ օրինագիծ է և անդառնալի ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի վրա”, նշել է նա:

Սենատի օրինագիծն ընդունվեց Ներկայացուցիչների պալատում բարեփոխումների մեկ այլ նախագծի շրջանառության մեջ դրվելուց մեկ օր անց:

Երկու օրինագծերն էլ նախատեսում են պարտադիր համընդհանուր առողջապահական ապահովագրություն` համապատասխան զեղչերով կարիքավորների համար, ինչպես նաև պետական ապահովագրական ծրագիր, որը կմրցի մասնավոր ընկերությունների հետ:

Ապահովագրական ընկերություններն այլևս չեն կարողանա հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող հաճախորդներին ծառայություններ մատուցելուց, ինչպես, օրինակ, շաքարախտով հիվանդ Ջիորջիանա Իքմանի դեպքն է եղել:

“Ես նույնիսկ միջոց չունեի իմ առօրյա ծախսերը հոգալու համար, ես չէի պատկերացնում` ինչպես պետք է դեղորայք գնեմ”, հիշում է տիկին Իքմանը:

Բարեփոխումների օրինագծի քննադատներին մտահոգում է` ինչպես է կառավորությունը հոգալու մեկ տրիլիոնին հասնող առողջապահական այս նոր համակարգի ծախսերը:

Այդ նպատակով` Ներկայացուցիչների պալատի նախագիծը 5.4 տոկոս լրացուցիչ հարկ է նախատեսում տարեկան 350,000 դոլարից ավելին եկամտի դեպքում:

Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ դեմ են նման փոփոխություններին:

“Այս օրինագծի արդյունքում աշխատատեղեր կփակվեն, կտուժի առողջապահության մատչելիությունը, հարկերը կաճեն, և համակարգն ամբողջովին պետական կդառնա”, նշել է հանրապետական կոնգրեսական Ռոյ Բլանթը:

Մինչդեռ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հորդորել է հաստատել առողջապահական բարեփոխումների օրինագիծը:

“Այս փոքր առաջընթացը պետք է Ներկայացուցիչների պալատին և Սենատին նոր եռանդ հաղորդի` առողջապահական բարեփոխումներն ավարտին հասցնելու նախքան օգոստոս ամսվա արձակուրդի մեկնարկը”, ասել է նախագահը:

Սակայն հանրապետականները դեմոկրատներին քննադատում են այս առնչությամբ հապճեպ իրականացվող քայլերի համար:

“Նրանք արդեն պատրաստ են գումարներ հատկացնել ոլորտին, չնայած, անկեղծ ասած, ոչ մեկ դեռ չի էլ կարդացել նախագծի մանրամասները”, ասել է սենատոր Միչ ՄքՔոնելը:

Այդուհանդերձ, դեմոկրատները վճռական են տրամադրված մինչև հոկտեմբեր բարեփոխումների վերջնական հաստատված նախագիծ ունենալու հարցում: