ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ոչ պաշտոնական կարևոր թեմա է լինելու Ռուսաստանը

ԱՄՆ-ի պատշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսն ակնկալում է, որ հաջորդ շաբաթ Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկվելու է, թե ինչպես վերսկսել պաշտոնական երկխոսությունը Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսությունը կասեցվել էր Ռուսաստանի կողմից Վրաստանի ներխուժումից հետո:

Ռոբերթ Գեյթսը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հանդիպման հիմնական թեման չեն լինելու, սակայն նա ակնկալում է, որ պաշտոնական նիստերի միջև ընկած ժամանակահատվածում նախարարները քննարկեն այդ հարցը, քանի որ, անկախ տարաձայնություններից, կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցել մի շարք խնդիրների շուրջ:

“Ռուսաստանի որոշ քայլեր մտահոգիչ են, սակայն այլ հարցերում մենք Ռուսաստանի կարիքն ունենք: Այդ իսկ պատճառով մենք պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերենք և վերականգնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանանք առաջ շարժվել: Բայց միևնույն ժամանակ մենք պետք է զգոնություն ցուցաբերենք այն խնդիրների շուրջ, որոնք մտահոգում են մեզ”, ասել է նա:

Նախարար Գեյթսի խոսքերով, մտահոգիչ խնդիրներից է այն, որ Ռուսաստանը փորձում է Ղրղզստանին համոզել դադարեցնել Մանաս ռազմական բազայի տրամադրումը` Աֆղանստանում տեղակայված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերին համապատասխան մատակարարում ապահովելու նպատակով: Նա ասում է, որ այդ պատրվակով Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերում Ղրղզստանին` զուգահեռ ճնշումներ գործադրելով կառավարության դեմ:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է դրանք վերանայել ամենաբարձր մակարդակում` ներգրավելով Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը, Պաշտպանության նախարարությունը և այլ գործակալություններ, որպեսզի հստակեցվի հարաբերությունների բարելավման շրջանակը` ներկա մտահոգությունների պայմաններում:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Օբամայի վարչակարգը, հնարավոր է, հրաժարվի Լեհաստանում և Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման ծրագրից` Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման նպատակով: ԱՄՆ-ի պաշտոնյաներն այդ առնչությամբ ոչինչ չեն հայտարարել, սակայն նախարար Գեյթսը վերահաստատել է նոր վարչակազմի դիրքորոշումը, որը ներառում է երկու պայման, որոնք բացակայում էին Բուշի վարչակազմի օրոք:

“Մեզ մտահոգում է Իրանից եկող հրթիռային վտանգը, այդ իսկ պատճառով մենք կշարունակենք ձգտել հակահրթիռային պաշտպանություն հաստատել, եթե կարողանանք համոզվել, որ նման պաշտպանությունն արդյունավետ է և ֆինանսական տեսանկյունից օպտիմալ: Մենք ցանկանում ենք այդ նպատակին հասնել` համագործակցելով ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այլև` Ռուսաստանի հետ”, մասնավորապես նշել է Գեյթսը:

Նախարարը հնարավորություն կունենա այս հարցը անմիջապես Լեհաստանի և Չեխիայի պաշտոնյաների հետ քննարկել հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումների ընթացքում:

Ռոբերթ Գեյթսը Բուշի վարչարարության ընթացքում նույնպես փորձ է կատարել եվրոպական հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ, սակայն ռուսական կողմը հետաքրքրվածություն չի ցուցաբերել` պատճառաբանելով, որ պաշտպանության համակարգի տեղակայումը կվտանգի Ռուսաստանի անվտանգությունը: Այժմ նա հուսով է, որ հարաբերությունների նոր էջ կարելի է բացել: