ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ասել է, որ
ռուսական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն Վրաստանից` Ֆրանսիայի կողմից
միջնորդավորված զինադադարի պայմանագրի պայմանների համաձայն: Ռայսը Վրաստանի
նախագահի հետ հանդիպել է ուրբաթ օրը Թբիլիսիում: Նա վերահաստատել է, որ ԱՄՆ-ը
սատարում է Վրաստանի երիտասարդ ժողովրդավարությանը, և Ռուսաստանին հորդորել է
հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Ռուսական զորամիավորների դուրսբերման որևէ նշան չի արձանագրվել նույնիսկ
միջազգային այն կոչերի խստացումից հետո, որ վերջ դրվի Ռուսաստանի կողմից գրավմանը:
Ուրբաթ օրը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում
ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հաստատել է, որ Վրաստանի նախագահը ստորագրել է
զինադադարի պայմանագիրը: Միևնույն ժամանակ նա մեղադրել է Ռուսաստանի
կառավարությանը իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: "Ռուսաստանի
հարձակումը Վրաստանի վրա հղի էր լուրջ հետևանքներով, և այն լուրջ հետևանքներ
կունենա Ռուսաստանի` իր հարևանների և ընդհանուր առմամբ աշխարհի հետ
հարաբերությունների վրա: Սակայն մեր ամենաառաջնային խնդիրն է Ռուսաստանի զինված
ուժերի անհապաղ և կանոնակարգված դուրսբերումը և դրանց վերադարձը Ռուսաստան":
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ համաձայնություն է տվել
զինադադարի պայմանագրին` այն միջնորդող Ֆրանսիայի կողմից պարզաբանումներ ստանալուց
հետո: Նախագահ Սաահակաշվիլին պնդել է, որ պայմանագիրը պարզապես ժամանակավոր
լուծում է: "Ես պետք է նշեմ, որ սա զինադադարի պայմանագիր է, այլ ոչ` վերջնական
հաշտություն: Ներկայում մենք գտնվում են ռուսական ներխուժման և ռուսական գրավման
ներքո":
Նախագահ Սաակաշվիլին այս մասին արտահայտվել էր ընդամենը մի քանի ժամ նախքան ԱՄՆ-ի
նախագահ Բուշը Սպիտակ տան առջև ելույթ ունենալիս Ռուսաստանին կմեղադրեր Վրաստանի
դեմ "չարագործելու" մեջ: "Վերջին օրերի իր գործողություններով Ռուսաստանն իրեն
վարկաբեկել է և վնաս է հասցրել ազատ աշխարհի պետությունների հետ իր
հարաբերություններին: Չարագործումը և ահաբեկումը 21-րդ դարում արտաքին քաղաքականություն
վարելու ընդունելի միջոցներ չեն," ասել է Ջորջ Բուշը:
Զինադադարի պայմանագրի համաձայն` Վրաստանն ու Ռուսաստանը պետք է վերադառնան նախքան
հակամարտության բռնկումը զբաղեցրած դիրքերին:
ԱՄՆ-ը կոչ է արել, որպեսզի զինադադարի իրականացմանը հետևեն միջազգային դիտորդները:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ դեմ չէ այդ գաղափարին` միևնույն
ժամանակ ավելացնելով, որ Վրաստանից անջատված` չճանաչված Աբխազիայի և Օսիայի
բնակչությունը երբեք չի ընդունի Վրաստանի մաս դառնալու տարբերակը: "Խնդրի հիմքում
օսերն ու աբխազներն են, քանի որ նրանք բացի ռուսներից որևէ այլ քաղաղապահ ուժի չեն
վստանում," ասել է նա:
Նախագահ Սաակաշվիլին մեղադրել է Ռուսաստանին թերևս ամիսներ առաջ ռազմական այս
ներխուժումը պլանավորելու մեջ և ասել է, որ իր երկիրը երբեք չի ընկճվի: "Մենք
երբեք չենք հանձնվի, երբեք չենք հրաժարվի մեր ազատությունից և անկախությունից:
Մենք երբեք չենք հանձնի մեր տարածքի և ոչ մի կտոր, և Վրաստանի բոլոր մասերը, բոլոր
էթնիկ խմբերը և բոլոր համայնքներն ազատություն կվայելեն":