Փենսիլվանիայի Նազարեթ քաղաքում գտնվող Մարթին Կիթառ ընկերության կիթառները համաշխարհային ճանաչում են վայելում: Այս ընկերությունը կիթառ պատրաստելու 176 տարվա փորձ ունի, սակայն այն չխուսափեց տնտեսական անկմանը հետևող դժվարություններից: Երկար տարիներ քաղաքի տնտեսության շարժիչ ուժը երկու ընկերություններն էին:
Դրանցից Բեթլեհեմ Սթիլը սնանկացավ 2001թ.: Այսօր Մարթին Կիթառ ընկերությունը քաղաքի միակ խոշոր գործատուն է: Դիք Բոաքն այդտեղ կիթառներ է նախագծում և օգնում սպառողներին ընտրել այն կիթառը, որն ամենահարմարն է իրենց:
«Ես սիրում եմ երաժշտություն, գիշերը բարձիս տակ միացնում էի ռադիոն: Երբ Բիթըլզները նվագեցին Սուլիվանի շոուի ժամանակ, ես իսկապես ուզեցի կիթառ սովորել: Հայրս ատաղձագործ էր ու մեր տան ներքնահարկում արվեստանոց ուներ: Նա միշտ խրախուսում էր փայտի հետ աշխատանքը»,- պատմում է Դիքը:
Բոաքը գտել է իր երազած գործը` համատեղելով փայտն ու երաժշտությունը: Արդեն 30 տարի է, նա կիթառներ է նախագծում Մարթին ընկերության համար:
“Բնական կարմրափայտը կամ բրազիլական փայտը լավագույն հնչեղությունն ունեն”,- բացատրում է նա:
Մարթինի մեկ կիթառի պատրաստումը պահանջում է ավելի քան 200 քայլ, և բավական թանկ է: Ամենաէժան կիթառները 1000 ԱՄՆ դոլարից ավել են, ամենաթանկը կարող է գերազանցել 10,000-ը: Սահմանափակ նմուշների հավաքածուների կիթառները կարժենան հարյուր հազարավոր դոլար:
Սակայն առասպելական համբավ ունեցող Մարթին ընկերությունը տնտեսական անկման պայմաններում ստիպված էր կրճատել աշխատաժամանակը: Ըստ Բոաքի, եթե վիճակը չբարելավվի, ապա ընկերության ավելի քան 600 աշխատող գործազուրկ կդառնա:
Եթե Մարթինում վիճակը լավ չէ, ապա անկախ կիթառագործերն ավելի քան ծանր վիճակում են: Դեյլ Անգըրը նախկինում կիթառ պատրաստելով Մարթինում` այժմ լարային գործիքներ պատրաստող ճանաչված անկախ վարպետ է: Նրա մի քանի կիթառներ վաճառվել են ավելի քան 10,000 դոլարով:
«Իրական հաճույք է, երբ լսում եմ, որ հանրահայտ երաժիշտ նվագում է իմ պատրաստած կիթառով»,- ասում է նա:
Սակայն վերջին տարիներին պատվերները կտրուկ նվազել են, և Անգըրը ստիպված է կողմնակի աշխատանքով զբաղվել: