Ռուսաստանի պաշտոնյաները հայտնել են, որ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին մահացել է Ռուսաստանի արևմուտքում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել շաբաթ օրն առավոտյան ժամը 7-ին: Համաձայն աղբյուրի` ինքնաթիռում եղած բոլոր 132 ուղևորները զոհվել են: Լեհաստանի պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ Լեհաստանի նախագահը և նրա կինը` Մարիան գտնվում էին ինքնաթիռում:
Ուղևորների թվում էին նաև Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆրանցիշեկ Գագորը, փոխարտգործնախարար Անջեյ Կրեմերը և կենտրոնական բանկի նախագահ Սլավոմիր Սկշիպեկը:
Լեհաստանի նախագահի ռուսական արտադրության ՏՈւ-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սմոլենսկի օդանավակայան վայրէջք կատարելուց առաջ: Լրատվական միջոցների հաղորդմամբ` մինչև վթարի ենթարկվելը ինքնաթիռը բախվել է ծառերին: Վթարի իրական պատճառը հետաքննվում է:
Այսօր տեղի կունենա Լեհաստանի կառավարության արտահերթ հանդիպումը: Համաձայն Լեհաստանի սահմանադրության` նախագահի պարտականությունները կստանձնի երկրի խորհրդարանի` Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Լեհաստանի նախագահ Կաչինսկին ուղևորվում էր Սմոլենսկին կից գտնվող Կատին քաղաք: Նա մասնակցելու էր Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային ուժերի կողմից Կատինում սպանված 22 հազար լեհ սպաների հիշատակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: