Պաղեստինցի կինը պայքարում է խաղաղությամբ

Պաղեստինաիսրայելական հակամարտությունը թվում է անվերջ: Զավթումով և բռնությամբ պայմանավորված անհուսալիության և բարկության զգացումը երիտասարդներին հաճախ մղում է ահաբեկչական գործողությունների: Արևմտյան ափից Սոուսան Սամարան բռնության դեմ պայքարի իր միջոցներն ունի և ցանկանում է օրինակ ծառայել երիտասարդների համար:

Միլիոնավոր պաղեստինցիների նման Սամարան ապրում է անվերջ հակամարտության և զավթումի ցավով: Սակայն բարկությունը չի տիրել նրան:

Սոուսանն աշխատում է "Խաղաղության սերմեր" կազմակերպությունում, որի նպատակը պաղեսինցի և իսրայելցի երիտասարդների միջև երկխոսության և ըմբռնման խթանումն է:

"Երբ ապտակ ես ստանում, ամենահեշտն ի պատասխան ապտակելն է: Դա բնական ազդակ է, առաջինը, որ զգում ես: Իրականում երկխոսություն հաստատելն ավելի արդյունավետ է, չնայած և ավելի դժվար և ավելի շատ ճիգեր պահանջող",- բացատրում է Սոուսանը:

Այս մոտեցումը մեղադրվում և խստագույնս քննադատվում է այն մարդկանց կողմից, ովքեր դեմ են Իսրայելի զավթմանը:

Սոուսանն այցելել է Արևմտյան Ափի Նաբլուս քաղաքի 16-ամյա ֆերմեր Սուլեյման Ասադին, ով ամբողջ կյանքն ապրել է բռնության և ատելության մթնոլորտում:

Նա պատմում է հարևանությամբ ապրող հրեաների մասին, ովքեր գրավել են իրենց գյուղի հողերը, և թե ինչպես իսրայելցի զինվորը բռնություն է գործել իր հանդեպ, երբ նա բերք էր հավաքում:

"Ես չհասկացա նրան և խնդրեցի խոսել արաբերեն, քանի որ եբրայերեն չեմ հասկանում: Եվ նա իր զենքը մոտեցրեց գլխիս և հրեց դեպի մեքենան",-պատմում է Սոուսանը:

Խռովության և բարկության պատմությունները շատ են Նաբլուսում, և այնտեղ խրախուսվում է իսրայելցի զինվորների դեմ գրոհը:

Վրդովմունքը թեթևացնելու համար պաղեստինցիները քարեր են նետում իսրայելցիների վրա: Սոուսանը Սուլեյմանին այլընտրանք է առաջարկում:

"Նա փորձում է խաղաղություն սերմանել պաղեստինցիների շրջանում: Խաղաղության կողմնակից պաղեստինցիների հետ մեկնում է արտասահման և նպաստում խաղաղության գործընթացին",- ներկայացնում է Ասադը:

Սոուսանի ուղեկցությամբ Սուլեյմանը հաճախել է ԱՄՆ-ում ճամբար, որտեղ առաջին անգամ հանդիպել է իր հասակակից իսրայելցու:

"Ես վերադարձա նույն զգացողությամբ` խաղաղության փափագով: Լսելով նաև մյուս կողմին, ովքեր ևս խաղաղություն էին ցանկանում, հիմա ավելի շատ եմ խաղաղություն ուզում",- վերադարձից հետո պատմում է Սուլեյմանը:

Սոուսան Սամարան հպարտ է, որ Սուլեյմանի նման երիտասարդներին ներկայացնում է բռնությունից բացի այլ տարբերակներ, ըստ նրա` ավելի հզոր և հուսադրող տարբերակներ:

"Այս պահին բռնությամբ կարող ես ետ մղել վերաբնակչին, սակայն նա կվերադառնա, և կվերադառնա գուցե նաև զինված: Սակայն Սուլեյմանի ընտրած ճանապարհով` խաղաղությամբ, հնարավոր է կանգնեցնել վերաբնակեցումը: Գուցե ոչ այսօր և ոչ էլ վաղը, գուցե մեկ-երկու տարի հետո: Ալլահի կամքով` Սուլեյմանի կենդանության օրոք",- հուսով է Սոուսանը: